Սերգեյ Յուրան. «Մեր թիմը ստիպեց մրցակցին սխալվել»

«Միկայի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը խոսել է «Շիրակի» նկատմամբ տարած 1-0 հաշվով հաղթանակի մասին.

-Ընդհանուր առմամբ գոհ եմ արդյունքից, քչերն են այստեղից 3 միավոր տանում: Իսկ խաղից այնքան էլ գոհ չեմ: Մենք մարտի 16-ին գավաթային խաղ ունենք, ու դրան ընդառաջ սա մեծ ծանրաբեռնվածություն էր, խաղը ծանր էր: Բայց ապրեն տղաները, համբերեցին, կարգադրությունները կատարեցին, խաղացին հաղթանակի համար: Մյուս պահերը կդիտենք, կքննարկենք ֆուտբոլիստների հետ, որոշները լավ գործեցին, որոշները ընթացքում զիջեցին: Այն ֆուտբոլիստները, որոնք մեզ հետ նախապատրաստություն էին անցել, լավ վիճակում էին, մյուսները մի փոքր զիջեցին: Երկրորդ կեսում այդ պատճառով տակտիկական վերադասավորություն կատարեցինք, որը օգնեց, ուրեմն ամեն ինչ ճիշտ է: Մենք օգտվեցինք պահերից, մրցակիցը ոչ: Լավ խաղ էր, կարևորը որ հաղթանակ կա:

-Գոլային պահեր շատ քիչ ունեիք, իսկ գոլն էլ ստացվեց մրցակցի սխալի արդյունքում:

-Մեր թիմը ստիպեց մրցակցին սխալվել: Բնական է, մենք տանը չէինք խաղում, մրցակցի հարկի տակ էր, դրա համար երկրորդ համարով էինք խաղում, ավելի շատ սուր հակագրոհների վրա էինք աշխատում: Մրցակիցը մեզ չնվիրեց խաղը, այլ մենք ստիպեցինք սխալվել:

-Ի՞նչ նպատակներ են այժմ դրված թիմի առջև:

-Յուրաքանչյուր խաղում փորձելու ենք հաղթել: Նպատակներ դնում են մրցաշրջանի սկզբին, իսկ այս պահին մեզ մնում է ամեն խաղում հաղթանակի համար պայքարել, փորձել առաջնությունում բարձրանալ մինչև եվրոգավաթային գոտի, գավաթում էլ շարունակել պայքարը:
Թիմը նոր է, սա ավտոմեքենայի ակ չէ, որ արագ փոխես ու շարունակես ճանապարհդ: Եթե 3-4 ֆուտբոլիստ փոխվեին, էլի ոչինչ, բայց ողջ թիմն է փոփոխվել, 15 նոր խաղացող տարբեր թիմերից, ու ինչ որ հասցրել ենք անել մինչ այս, ես արդեն գոհ եմ: Խաղային ձեռագիր ձեռք բերելու համար դեռ ժամանակ է պետք, իսկ մինչ այդ ջանալու ենք զարգանալ, որ թիմը չտանջվի խաղադաշտում, այլ լավ ու որակով ֆուտբոլ խաղա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ