Սամվել Գևորգյան. «Եթե սերբ մարզիկին իջեցնեին ծնկած դիրք, ապա Միհրանը կհաղթեր 8:0 հաշվով»

Միհրան Հարությունյանի մարզիչ Սամվել Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում ամփոփել է հայ ըմբիշի ելույթն Օլիմպիական խաղերում.

«Ես գիտեի Միհրան Հարությունյանին դեռ այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս Ռուսաստանի հավաքականում: Ես միշտ հետևել եմ նրան և տեսել նրա մեջ հիանալի մարզիկի, իսկ վերջին երեք տարիներին սերտորեն շփվում եմ նրա հետ ու կարող եմ ասել, որ նա ոչ միայն գերազանց մարզիկ է, այլ նաև սքանչելի անձնավորություն: Այդպիսիները քիչ են:

Ես ճանաչում եմ նրա ընտանիքին և գիտեմ, թե ինչ ապրումների մեջ են նրանք…

Այս երեք տարիների ընթացքում ես եղել եմ նրա պատասխանատու մարզիչը Հայաստանում, 2009թ.-ից նրա անձնական մարզիչը Ռուբեն Թաթուլյանն է, իսկ առաջին մարզիչը՝ Արամ Սարգսյանը:

Բաքվի Եվրոպական խաղերից ու Լաս-Վեգասի Աշխարհի առաջնությունից հետո, երբ նա դարձավ անարդար մրցավարության զոհ, մենք չէինք կարողանում նրա աչքերի մեջ նայել, որովհետև ոչ մի բանով չկարողացանք օգնել իրեն: Բայց նա այնպիսի կամք, ոգի ու համբերություն ուներ, որ ինձ անձամբ խոստացավ, որ կնվաճի Օլիմպիական ոսկին, որ կպատրաստվի խաղերին 100 տոկոսով, ու նա պահեց իր խոստումը:

Երբ մենք տեսանք Միհրանի վիճակահանությունը Օլիմպիական խաղերում, նրա ճանապարհին միայն մեկն էր, ով Աշխարհի չեմպիոն չէր՝ եգիպտացի մարզիկը, ով Ասիայի խաղերի մրցանակակիր էր և նույնպես հասարակ մրցակից չէր: Մյուս բոլորը Աշխարհի չեմպիոններ, Օլիմպիական խաղերի չեմպիոններ ու մրցանակակիրներ էին: Անկեղծ ասած, մենք՝ մարզիչներս այնքան էլ ուրախ չէինք, սակայն այդ ժամանակ Միհրանը մինչև գոտեմարտի դուրս գալը ինձ ասաց, որ տարբերություն չկա, թե ովքեր են իր մրցակիցները, նա պետք է հաղթի, որ դա իր օրն է, ու երբ դուրս գա գորգ, իր մեջ արթնանալու է Ալեքսանդր Մակեդոնացին:

Նա բոլոր գոտեմարտերին առավելագույնս էր տրամադրվում, ու յուրաքանչյուր 20 րոպեն դուրս գալիս գորգ ու պարտության մատնում հերթական Աշխարհի չեմպիոնին, կորեացուն, ադրբեջանցուն:

Գոտեմարտից հետո մենք մասաժիստ Տելման Սարգսյանի հետ վերականգնում էինք նրան, մինչև որ գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը մոտենում ու զգուշացնում էր, որ նրա ելույթին մնում է մի քանի րոպե:

Եզրափակիչ գոտեմարտին մենք նույնպես առավելագույնս տրամադրված էինք, մենք զգուշացրեցինք Միհրանին, որ նա գոտեմարտելու է Սերբիայի ներկայացուցչի՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչի հայրենակցի հետ: Միհրանը հստակ կատարեց մեր բոլոր առաջադրանքները: Նա ակտիվ էր գոտեմարտի ողջ ընթացքում, ու նույնիսկ տեխնիկական հնարք կատարեց՝ ոչ մի շանս չտալով մրցակցին ու նույնիսկ մրցավարներին, սակայն նրանք ոչ մի անգամ ծնկած դիրք չիջեցրին մրցակցին ու հնարավորություն չտվեցին նրան իրագործել իր ունակությունները: Փոխարենը երկու անգամ նրան նկատողություն տվեցին ու սերբին մեկ միավոր նվիրեցին: Ես վստահ եմ, որ եթե սերբին գոնե մեկ անգամ իջեցնեին ծնկած դիրք, գոտեմարտը կավարտվեր 8:0 հաշվով հօգուտ Միհրան Հարությունյանի:

Մեդալը գողացան ոչ միայն Միհրանից, այլև ողջ երկրից ու ազգից, իր ընտանիքից, մեր թիմից ու անձամբ ինձնից՝ որպես Օլիմպիական չեմպիոնի մարզչի: Մենք բողոքեցինք, բայց որպես պատասխան ստացանք երեք դեղին քարտ:

Այնուամենայնիվ, մենք և ողջ աշխարհը Օլիմպիական չեմպիոն ենք համարում Միհրան Հարությունյանին: Ու այդ իսկ պատճառով ես այսօր շնորհավորում եմ մեր ազգին երկու Օլիմպիական չեմպիոններ ունենալու կապակցությամբ՝ Միհրան Հարությունյան և Արթուր Ալեքսանյան»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ