Ռուբեն Հայրապետյան. «Ես թույլ չեմ տա հավաքական հրավիրել Մովսիսյանին և Արզումանյանին, որքան էլ մարզիչը ցանկանա»

Վանաձորում այսօր տեղի ունեցած ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսել է ագզային ընտրանու նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նշանակման մասին:

«Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ընտրությունը կանգ է առել Արթուր Պետրոսյանի վրա, որովհետև նա ունի PRO կարգ ու մարզչական փորձ:

Արթուր Պետրոսյանին առաջարկեցի 4 տարվա պայմանագիր կնքել, սակայն նա պնդեց 2 տարվա համաձայնագիր ստորագրել և ասաց, որ ԱԱ ընտրական փուլից հետո կվերանայենք պայմանագիրը»:

Ռ. Հայրապետյանը նաև անդրադարձել է Հայաստանի հավաքական չհրավիրվող ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին և Ռոբերտ Արզումանյանին  ու ընդգծել, որ իր որոշումը չի փոխվել այս խնդրով:

«Այն ֆուտբոլիստները, որոնք կխախտեն հավաքականի կարգը, կվնասեն թիմին, այլևս չեն հրավիրվի: Նրանք չեն հրավիրվի իմ անձնական ցանկությամբ: Բացի նրանցից, հավաքականի մարզիչը կհրավիրի բոլոր նրանց, ում տվյալ պահին կհամարի օգտակար: Հայաստանի հավաքական չեն  հրավիրվի Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը: Ինչքան էլ մարզիչը ցանկանա հրավիրել նրանց, ես թույլ չեմ տա»,-ավելացրել է ՀՖՖ նախագահը:

53-ամյա հայ գործարարը իր զարմանքն է արտահայտել Հենրիխ Մխիթարյանի ունեցած խնդիրների հարցով «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում Ժոզե Մոուրինյոյի գլխում: Խոսել եմ Հենրիխի հետ և նա չի հասկանում, թե ինչու չի խաղում»,-շեշտել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ