Ռիո-2016. Հայտնի է Արթուր Ալեքսանյանի մրցակիցը

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում օգոստոսի 16-ին մեկնարկելու է Հայաստանի թիմի գլխավոր օլիմպիական հույսը` ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: 25-ամյա գյումրեցին Աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն է, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Անձնական մարզիչը հայրն է` Գևորգ Ալեքսանյանը:

Ո՞վ է մրցակիցը
Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսելու է 1/8 եզրափակիչ փուլից, որտեղ վիճակահանությամբ նրա մրցակիցը իտալացի Դայգորո Տիմոնչինին է: Վերջինս Իտալիայի բազմակի չեմպիոն է, սակայն միջազգային ասպարեզում լուրջ հաջողություններ չունի: Տիմոնչինին երկու անգամ արդեն հասցրել է մասնակցել Օլիմպիական խաղերին: Հետաքրքիր է, որ Լոնդոն-2012-ում կրկին հենց առաջին գոտեմարտում իտալացուն պայքարից դուրս է թողել հենց Արթուր Ալեքսանյանը:

Ե՞րբ
Հունահռոմեական ոճի ըմբիշների մրցամարտերը սկսվում են 17:00-ից, եզրափակիչ փուլի գոտեմարտերը՝ 23:00-ից:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Ինչպես նշեցինք ամենասկզբում` Արթուր Ալեքսանյանը Հայաստանի թիմում մեդալի ամենաիրական հավակնորդն է, ընդ որում` ոսկե մեդալի: Իտալացի ըմբիշի հետ գոտեմարտում Ալեքսանյանը բացահայտ ֆավորիտ է լինելու, նույնը կարելի է ասել հաջորդ փուլում` քառորդ եզրափակչում Համդի Մուսթափա Էլսայիդ Աբդելվահաբ /Եգիպտոս/ – Ալին Ալեքսուս Չիչարիու /Ռումինիա/ զույգի հաղթողի հետ գոտեմարտի մասին: Առաջին լուրջ մրցակցին Արթուր Ալեքսանյանը կարող է հանդիպել կիսաեզրափակչում, ու դա կարող է լինել Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Մագոմեդովը: Իր մեկ այլ հիմնական մրցակից Գասեմ Ռեզայիին Արթուր Ալեքսանյանը կարող է հանդիպել միայն եզրափակչում: Նշենք, որ Արթուր Ալեքսանյանի չեմպիոն դառնալու հավանականությունը Վիվառոն գնահատում է ամենացածր` 2.12 գործակցով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ