Ռիո-2016. Այսօր մրցահարթակ դուրս կգան Հայաստանի վերջին 2 ծանրորդները

Ովքե՞ր են մեր մարզիկները
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր իր ելույթը կավարտի ծանրամարտի Հայաստանի հավաքականը: Գերծանր քաշային կարգում այսօր մրցահարթակ դուրս կգան միանգամից երկու ծանրորդ՝ 21-ամյա Գոռ Մինասյանը և 26-ամյա Ռուբեն Ալեքսանյանը: Գոռ Մինասյանը 2015թ. Աշխարհի առաջնությունում գրավել է 4-րդ տեղը, այս տարի Եվրոպայի առաջնությունում նվաճել արծաթե մեդալ: Գյումրեցի ծանրորդը Աշխարհի երիտասարդների գործող ռեկորդակիրն է, մարզիչն է Հակոբ Փիլոսյանը: Ռուբեն Ալեքսանյանը 2008թ. Աշխարհի փոխչեմպիոն է, 2009-2010թթ. Եվրոպայում նվաճել է ոսկե և արծաթե մեդալներ համապատասխանաբար: Մարզվում է Գառնիկ Ալեքսանյանի գլխավորությամբ:

Ո՞ր քաշային կարգում են հանդես գալու
Հայաստանի երկու մարզիկներն էլ հանդես են գալիս գերծանր քաշային կարգում, ընդգրկված են A ենթախմբում:

Ե՞րբ
Նախնական ժամանակացույցով մեր ծանրորդների ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով 02:00:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
A ենթախմբում ներառված մեր երկու ծանրորդներն էլ հույս ունեն շարունակել Սիմոն Մարտիրոսյանի գործը և մեդալներ ապահովել Հայաստանի համար: Այս մասին է խոսում նաև նրանց պատվիրած նախնական քաշերը՝ 450 կգ: Նույն քաշն են պատվիրել ևս 4 ծանրորդ, իսկ ավելի շատ նախնական պատվեր չի կատարվել:

Գոռ Մինասյանը վերջին շրջանում լուրջ աճ է արձանագրում: Ռուս Ալեքսեյ Լովչևի որակազրկման հաստատումից հետո 21-ամյա մարզիկը կհամարվի նաև Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հյուսթոնում նա ցույց էր տվել երկամարտի 437 կգ արդյունք /203+234/, իսկ ահա այս տարվա Եվրոպայի առաջնությանն իր ցուցանիշը հասցրել 442-ի /205+237/: Եթե նրան հաջողվի 450 կգ բարձրացնել երկամարտում, ապա մեդալը մեծ հաշվով ապահովված կլինի, իսկ ահա ոսկու համար պայքարելը շատ դժվար խնդիր կլինի: Եվրոպայի առաջնությունում վրացի Լաշա Տալախաձեն բարձրացրել էր 463 կգ, ինչը անհասանելի արդյունք է թվում: Սակայն ոսկու համար կպայքարի նաև իրանցի Բեհդադ Սալիմին, ով Լոնդոնի Օլիմպիական չեմպիոն է: Վիվառոն երրորդ ամենացածր գործակիցն է առաջարկում Մինասյանի՝ ոսկե մեդալ նվաճելու համար՝ 15.00: Իհարկե, ավելի մեծ շանսեր ունեն վերոնշյալ երկու մարզիկները՝ Բեհդադ Սալիմի – 1.72, Լաշա Տալախաձե 2.10:

Ռուբեն Ալեքսանյանը վերջին Աշխարհի առաջնությունում ցույց էր տվել ավելի համեստ արդյունք՝ 433 կգ, իսկ Եվրոպայի առաջնությունը բաց թողել վնասվածքի պատճառով: Նրա՝ չեմպիոն դառնալու հավանականությունը Վիվառոն գնահատում է 51.00 գործակցով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ