Ռիո-2016. Այսօր ելույթ կունենա ծանրորդ Սոնա Պողոսյանը

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր իր ելույթները կավարտեն ծանրամարտի կանանց հավաքականի ներկայացուցիչները: Նազիկ Ավդալյանի տպավորիչ, բայց առանց մեդալների ելույթից հետո պայքարի մեջ կմտնի երիտասարդ Սոնա Պողոսյանը: 18-ամյա մարզուհին երկու անգամ արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի պատանիների առաջնություններում: 2015թ. նա առաջին անգամ մասնակցեց մեծահասակների աշխարհի առաջնությանը և գրավեց 20-րդ տեղը: Այս տարվա ապրիլին Նորվեգիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Սոնան 4-րդն էր: Իր առաջին Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը մարզուհին ստացավ այն բանից հետո, երբ ժամանակավոր որակազրկում ստացավ Հռիփսիմե Խուրշուդյանը: Վերջինս նաև նրա անձնական մարզիչն է:

Ո՞ր քաշային կարգում է հանդես գալու
Սոնա Պողոսյանը հանդես է գալիս մինչև 75 քաշային կարգում, ընդգրկված է B ենթախմբում: Այստեղ հենց այսօր, երկու վարժությունների ավարտից հետո հայտնի են դառնալու բոլոր մեդալակիրները:

Ե՞րբ
Նախնական ժամանակացույցով Սոնա Պողոսյանի ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով 19:30-ից սկսած: Այնուամենայնիվ, A ենթախումբը սկսելու է ելույթները 22:30, ու միայն կեսգիշերին մոտ հայտնի կդառնա, թե որ տեղն է գրավել հայ մարզուհին:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Սոնա Պողոսյանը շատ հեռանկարային ծանրորդ է և վերջին շրջանում մեծ աճ է գրանցում: Աշխարհի առաջնությունում ցույց տված երկամարտի 217 կգ արդյունքից հետո Եվրոպայի առաջնությունում նա 10 կգ-ով բարելավել էր իր ցուցանիշը: Սակայն մեդալ նվաճելու համար անհրաժեշտ է բարձրացնել 270 կգ և ավելի, ինչը Սոնայի համար, հուսանք, ժամանակի հարց է: Իսկ այս անգամ կարելի է բավարարվել մասնակցությունով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ