Ռեշֆորդը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ով մեկ տարուց կարող էր ազատ գործակալի կարգավիճակ ստանալ, երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել մանկունյանցիների հետ՝ հայտնում է The Telegraph-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» քառամյա պայմանագիր է ստորագրել 18-ամյա հարձակվողի հետ՝ շաբաթական 20 հազար ֆունտ աշխատավարձով:

Բացի այդ, պայմանագրում հատուկ կետեր են նշված, որոնք կգործեն ֆուտբոլիստի հաջողությունների ու կայուն ելույթների դեպքում:

Ինչպես Daily Mail-ն է տեղեկացնում, Ռեշֆորդը մինչև այս վաստակում էր շաբաթական 1500 ֆունտ, իսկ այժմ՝ շուրջ 25 հազար:

Ակնկալվում է, որ «Յունայթեդը» պայմանագրի երկարաձգման մասին պաշտոնապես կհայտարարի Եվրո 2016-ի ժամանակ: Ըստ ամենայնի՝ 18-ամա տաղանդաշատ ֆուտբոլիստն Անգլիայի հավաքականի կազմում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Ռեշֆորդը 11 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Նշվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է 19-ամյա Քեմերոն Բորտուիկ-Ջեքսոնի հետ պայմանագրի երկարաձգմանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ