Պատանի ջրագնդորդներին առայժմ պակասում է խաղային մրցափորձը

Երևանի ջրային մարզաձևերի «Սպիտակ» մարզաառողջարարական կենտրոնի լողավազանում իրենց մրցավեճն ավարտեցին ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնության մասնակիցները: Տարիքային երկու խմբով անցկացված առաջնության մասնակիցները նախնական փուլում բաժանվել էին 2 ենթախմբի, որոնցում լավագույն արդյունքի հասած թիմերն էլ եզրափակչում որոշեցին հաղթողին:

Մինչև 18 տարեկան պատանեկան թիմերի պայքարում եզրափակիչ էին դուրս եկել Երևանի «Վիկտորիան» և «Արմադան»: Մեծ առավելությամբ հաղթող ճանաչվեց «Վիկտորիան»՝ մրցակցին պարտության մատնելով 16:5 հաշվով:

Մինչև 14 տարեկան պատանեկան թիմերի եզրափակիչ մրցախաղն անցավ ավելի համառ պայքարում: Չեմպիոնի տիտղոսին արժանացավ Երևանի «Սպիտակը»՝ 6:4 հաշվով հաղթելով «Արմադա-2-ին»:

Մրցումների ավարտից հետո VivaroNews.am-ի թղթակցի հետ զրույցում ջրագնդակի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ առաջնությունում բավականին թեժ պայքար էր ծավալվել, հուսալի հերթափոխ է աճում, որը լավ է տիրապետում մարզաձևի գաղտնիքներին ու լողի հնարքներին: Ճիշտ է, կրտսեր տարիքի ջրագնդորդների մոտ տեխնիկան դեռևս հղկված չէ, իսկ ահա ավագ տարիքի պատանիներն աչքի ընկան տեխնիկական լավ պատրաստությամբ: Սակայն նրանց մոտ էլ զգացվում էր խաղային մրցափորձի պակասը: Ֆեդերացիայի նախագահի հետ համակարծիք էր ջրագնդակի Հայաստանի հավաքականի վաստակաշատ մարզիչ Բենիամին Սիմոնյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ