Պատանի աշխարհի չեմպիոնները հետապնդում են առաջատարներին

Շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության 2-րդ տուրն էլ աչքի ընկավ արդյունավետությամբ: Կայացած 7 պարտիաներից 5-ը հաղթական ավարտ ունեցավ: Առաջին հաղթանակը տոնեց մինչև 16 տարեկանների աշխարհի այս տարվա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ով մեկնարկային տուրում միակ ոչ-ոքին էր իր հաշվին գրանցել: Հայկի մրցակիցը միջազգային վարպետ Դավիթ Շահինյանն էր:

Մեծ հետաքրքրություն էր ներկայացնում մեկնարկում անհաջողության մատնված գրոսմայտեր Լևոն Բաբուջյանի և մինչև 18 տարեկանների աշխարհի այս տարվա չեմպիոն Մանուել Պետրոսյանի մրցավեճը, որն ավարտվեց բոլորից ուշ: Երկարատև պայքարից հետո մրցակիցները 121-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին:

Առաջնությանը մասնակցող մյուս գրոսմայստերը՝ Հովիկ Հայրապետյանը 2-րդ հաղթանակը տոնեց՝ սևերով պարտության մատնելով Արամ Հակոբյանին: Այդ հաղթանակի շնորհիվ Հայրապետյանը 2 միավորով Տիգրան Հարությունյանի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Տիգրանը սևերով առավելության հասավ Շանթ Սարգսյանի նկատմամբ: Առաջատարներից ընդամենը կես միավորով են հետ մնում մեր պատանի աշխարհի չեմպիոնները՝ Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը:

Առաջին հաղթանակները տոնեցին Ռաֆայել Բակունցն ու Նորայր Թորոսյանը, որոնք պարտությամբ էին մեկնարկել: Նրանք առավելության հասան համապատասխանաբար Դավիթ Քալաշյանի և Կարեն Հովհաննիսյանի նկատմամբ:

Տուրի երկրորդ ոչ-ոքին գրանցվեց Արման Միքայելյանի և Արմենակ Եղիազարյանի մրցապայքարում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ