Նովակ Ջոկովիչ՝ մեկ հաղթանակ, բազմաթիվ նվաճումներ

Թենիսի տղամարդկանց մենախաղի Մայամիի մրցաշարի եզրափակիչում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը վստահ հաղթանակ տարավ ճապոնացի Կեյ Նիսիկորիի նկատմամբ՝ դառնալով Մայամիի մրցաշարի հաղթող: Ջոկովիչն առավելության հասավ 2 սեթի արդյունքում 6:3, 6:3 հաշվով:

Այս հաղթանակով ATP վարկանիշային աղյուսակի 1-ին համար Նովակ Ջոկովիչը հաղթանակների թիվը հասցրեց 714-ի՝ շրջանցելով իր մարզիչ Բորիս Բեկերին, միաժամանակ դառնալով 11-րդն ընդհանուր հաշվարկում:

Մայամիի մրցաշարում հաղթելով՝ Ջոկովիչն իր 63-րդ տիտղոսը նվաճեց մարզական կարիերայում, որով շրջանցեց Գիլյերմո Վիլասին՝ միանձնյա տեղ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականում:

Նշենք, որ Մայամիի մրցաշարի հաղթող դառնալով՝ Ջոկովիչը ռեկորդակիր դարձավ «Մասթերս» մրցաշարերում հաղթանակների թվով, ինչպես նաև մրցանակային հիմնադրամներից ստացած եկամուտով: Նվաճելով իր 28-րդ տիտղոսը «Մասթերս» մրցաշարերում՝ Նովակը շրջանցեց Ռաֆայել Նադալին՝ դառնալով առաջատար: Բացի այդ, մրցաշարի արդյունքներով՝ Նովակը կշրջանցի նաև Ռոջեր Ֆեդերերին մրցանակային հիմնադրամներից ստացած եկամուտով՝ 98.2 միլիոն դոլար:

Նիսիկորիի նկատմամբ տարած հաղթանակը նաև 12-րդն էր անընդմեջ Ջոկովիչի համար առաջատար տասնյակի հետ մենախաղերում, 14-րդ անընդմեջ հաղթնակը՝ ընդհանուր պայքարում, 16-րդ անընդմեջ հաղթանակը Մայամիի մրցաշարում ու 22-րդ անընդմեջ հաղթանակը «Մասթերս» մրցաշարերում: Բացի այդ, Ջոկովիչը հաղթել է 24 սեթ անընդմեջ:

Եվս մեկ նվաճում. Նովակ Ջոկովիչը դարձավ միակ թենիսիստն Անդրե Աղասիից հետո, որին հաջողվում է 3 անգամ անընդմեջ դառնալ Մայամիի մրցաշարի հաղթող: Նովակը դարձավ նաև պատմության միակ թենիսիստը, որին հաջողվել է 3 տարի անընդմեջ հաղթել 7 տարբեր մրցաշարերում: Մինչև Մայամիի մրցաշարի եռակի չեմպիոն դառնալը Ջոկովիչն Ինդիան Ուելսի, Դուբայի, Պեկինի, Փարիզի մրցաշարերի, Ավստրալիայի Բաց առաջնության ու ATP ամփոփիչ մրցաշարի եռակի հաղթող է, ընդ որում՝ անընդմեջ: Ընդհանուր հաշվով՝ սերբ թենիսիստը Մայամիի մրցաշարի հաղթող է դարձել 6 անգամ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ