Նիկոլայ Հովյանը պահպանեց մրցանակակիր դառնալու հնարավորությունը

Բաթումում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում կայացան նախավերջին՝ 10-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի 29 շախմատիստներից բոլորից հաջող հանդես եկող Նիկոլայ Հովյանը հաղթելով ամերիկացի Ռոնեն Վիլսոնին, վաստակեց 7,5 միավոր և ավարտական տուրից առաջ շարունակում է հավակնել առաջնության մեդալներին: Նա 7 շախմատիստների հետ հետապնդում է 8,5-ական միավորով աղյուսակը գլխավորող երկու առաջատարներին: Ավարտական տուրում 8-ամյա հայ պատանին կմրցի սերբ Մարկո Միլանովիչի հետ:

Ամենակրտսեր տարիքային խմբում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մենուա Հակոբյանը պարտվեց: Փաշիկյանն ունի 5,5 միավոր, Հակոբյանը՝ 4,5:

Հայ շախմատիստներից տեսականորեն դեռ կարող է մրցանակակիր դառնալ մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարի մասնակից Մարիամ Մկրտչյանը: Նա հաղթեց ռուսաստանցի Դարիա Բոնդարևային ու վաստակեց 7 միավոր: Մարիամը 7-րդ տեղում է և 2 միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող ռուսաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Բիբիսարա Ասաուբաևայից:

Տարիքային այս խմբում հանդես եկող մեր մյուս շախմատիստուհիներից հաղթեցին նաև Աստղիկ Հակոբյանը, Ասյա Եդիգարյանը, Մարիետա ու Նադեժդա Խաչատրյանները: Միակ պարտությունըն կրեց Հասմիկ Քոչինյանը: Նրանցից լավագույն արդյունքն ունի Աստղիկ Հակոբյանը, ով վաստակել է 6 միավոր:

Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում հաղթանակներ տարան Մամիկոն Ղարիբյանը, Սարգիս Սարգսյանը և Րաֆֆի Ղազարյանը: Գրիգոր Դավթյանը հաշտություն կնքեց մրցակցի հետ, իսկ Գոռ Գրիգորյանը, Սևակ Մանուկյանն ու Արշակ Մելքոնյանը պարտվեցին: Լավագույն արդյունքն ունի  Մամիկոն Ղարիբյանը՝ 6,5 միավոր:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում Արսեն Դավթյանը հաղթեց ու վաստակեց 7 միավոր: Հաջողությունն ուղեկցեց նաև Դավիթ Գասպարյանին, ով վաստակեց 5,5 միավոր: Իսկ ահա Հայկ Գրիգորյանը, Գոռ Սարգսյանը և Էրիկ Հակոբյանը պարտվեցին:

Մինչև 10  տարեկան աղջիկների մրցաշարում մեր պատվիրակներից լավագույն արդյունքն ունեցող Սեդա Բադալյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալիսա Սուրովցևայի հետ և վաստակեց 6 միավոր: Միակ հաղթանակը տոնեց Անետա Ասկարյանը, իսկ Թամար Գոգինյանն ու Նարե Մեյրոյանը պարտվեցին:

Ամենակրտսեր տարիքային խմբում Անգելինա Ղուկասյանը հաղթեց և իր օգտին ունի 5,5 միավոր: Տուրը հաղթական էր նաև Էմմա Մխիթարյանի համար, ով 5 միավոր ունի: Իսկ 3,5 միավոր ունեցող Սյուզաննա Առաքելյանը պարտվեց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ