Մխիթարյանի առաջին հարցազրույցը «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդում» պաշտոնապես ներկայացվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական ալիքին: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

-Հենրիխ, բարի գալուստ: Ինչպիսի զգացողություններ ունեք «Մանչեսթեր Յունայթեդին» միանալու առթիվ:

-Սա շատ մեծ հնարավորություն է ինձ համար, նոր մարտահրավեր: Կարծում եմ՝ կփորձեմ անել առավելագույնը:

-Ինչքան կարևոր էր Ժոզե Մոուրինյոյի գործոնը որոշումը կայացնելու հարցում:

-Դա գործոններից մեկն էր, բայց կարևոր էր նաև թիմը, որովհետև սա աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է: Ես չէի կարող մերժել այս առաջարկը և շատ գոհ եմ այստեղ լինելու համար:

-Ինչքանով եք ուրախ միանալ այնպիսի աստղային ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ուեյն Ռունին, Զլատան Իբրահիմովիչը և մյուսները:

-Այս տարի մենք խելահեղ թիմ ենք ունենալու, ու շատ ուրախ եմ դրա մի մասը լինելու համար:

-Դուք մարզական ընտանիքից եք, Ձեր հայրը՝ Համլետը խաղացել է ֆուտբոլ: Ինչքանով է նա ազդել Ձեր ֆուտբոլիստ դառնալու հարցում և ինչքանով նա հիմա հպարտ կլիներ:

-Երբ նա խաղում էր, ես չէի հասկանում, թե ինչ խաղ է ֆուտբոլը: Բայց երբ նա մահացավ, իմ երազանքը դարձավ դառնալ ֆուտբոլիստ: Ցանկանում էի շարունակել նրա գործը: Հուսով եմ, ես այդ ճանապարհին եմ:

-Դուք խաղացել եք Հայաստանում, Ուկրաինայում, ապա Գերմանիայում Դորտմունդի «Բորուսիայում»: Ինչքանո՞վ է այդ ամենը օգնել Ձեզ աճել, ու կարծո՞ւմ եք արդյոք, որ հիմա լավագույն մարզավիճակում եք:

-Հետ նայելով կարող եմ ասել, որ երկար ճանապարհ եմ անցել, բայց ինձ համար սա բարձրակետը չէ, կարծում եմ դեռ կարող եմ ավելի հեռուն գնալ: Երջանիկ եմ դրա համար, կարծում եմ ամեն ինչ ճիշտ եմ անում, քայլ առ քայլ առաջ եմ գնում:

-Ինչքա՞ն բարդ մարտահրավեր է Պրեմիեր լիգան Ձեզ համար:

-Բոլորն էլ գիտեն, սա աշխարհի մեծագույն առաջնություններից մեկն է, ու շատ ուրախ եմ դրա մի մասը լինելու համար:

-Իսկ Դո՞ւք խոսել եք Ձեր տեղափոխության մասին Կագավայի և Յանուզայի հետ:

-Մենք շատ մոտ ենք Ադնանի հետ: Նա իմ ընկերներից է: Նույնիսկ այստեղ գալուց առաջ ես միշտ կապի մեջ էի նրա հետ: Նա անընհատ հարցնում էր միանալո՞ւ ես մեզ, թե՞ ոչ: Իսկ ես ասում էի. «Ո՞վ գիտե»: Բայց վերջապես ես այստեղ եմ: Կարծում եմ, նա ինձ կօգնի այստեղ:

heno

-Ինչքա՞ն հպարտ եք դառնալու առաջին հայը, որ հանդես է գալիս Պրեմիեր լիգայում, և ինչպիսի արձագանք է գտնելու սա Ձեր երկրում:

-Բոլորն էլ սպասում էին այս տրանսֆերին, և ուրախ եմ, որ բոլորը կարող են հպարտանալ ինձանով: Մեծ պատիվ է լինել առաջին հայը Պրեմիեր լիգայում, և պետք է արդարացնեմ նրանց սպասելիքները:

-«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ակումբ է համարվում Հայաստանում:

-Կարծում եմ՝ ամենամեծերից մեկը:

-Ձեզ առաջին անգամ գործի մեջ կտեսնենք Չինաստանում շրջագայության ժամանակ, և առաջին խաղն էլ Դորտմունդի «Բորուսիայի» հետ է: Ինչպիսի զգացողություններ ունեք այդ կապակցությամբ:

-Մի փոքր տարօրինակ կլինի հանդիպել իմ նախկին խաղընկերներին հենց առաջին խաղում, երևի որոշ զգացողություններ ունենամ: Դա մի փոքր արտասովոր է, այնուամենայնիվ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» է իմ նոր թիմը, ուստի պետք է արդեն սովորեմ:

-Դրանից հետո լինելու է «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը, շրջագայություն Ասիայում, այնտեղ «Յունայթեդը» շատ երկրպագուներ ունի: Ամեն ինչ նոր է լինելու Ձեզ համար: Պատրա՞ստ եք:

-Լսել եմ այդ մասին և պատրաստ եմ:

-Ինչպիսի տպավորություններ ստացաք «Օլդ Թրաֆորդից» և ինչքան ոգևորված եք խաղալու այստեղ:

-Երբեք չեմ խաղացել «Օլդ Թրաֆորդում», բայց կարծում եմ՝ սա աշխարհի ամենահրաշալի մարզադաշտերից մեկն է, և ինձ համար շատ հետաքրքիր է լինելու խաղալ այս մարզադաշտում, այս երկրպագուների համար:

-Ինչ կփոխանցեք «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին:

-Սիրելի երկրպագուներ, շատ ուրախ կլինեմ տեսնել Ձեզ մարզադաշտում յուրաքանչյուր խաղի, և ամեն ինչ կանեմ օգնելու «Մանչեսթերին» հաղթել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ