Մխիթարյանը տարիքային հերթական ռեկորդը սահմանեց

Հայաստանի ազգային հավաքականում հոբելյանական՝ 10-րդ մրցաշրջանը Հենրիխ Մխիթարյանը նշանավորեց նոր նվաճմամբ: Բելառուսի հավաքականի հետ ընկերական մրցախաղում 27-ամյա Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով 57-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ և անցկացրած խաղերի քանակով տարիքային հերթական ռեկորդը սահմանեց: Նա գերազանցեց ազգային հավաքականում ելույթներն ավարտած Ռոբերտ Արզումանյանի ռեկորդային ցուցանիշը, ով հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստներից 27 տարեկանում բոլորից շատ՝ 56 խաղ էր անցկացրել:

Ազգային հավաքականի ավագն ու լավագույն ռմբարկուն արդեն տարիքային 8-րդ ռեկորդի հեղինակ է դառնում: Նշենք, որ Մխիթարյանը 21 և 22 տարեկանում գերազանցել էր Էդգար Մանուչարյանի, իսկ հետագա տարիներին՝ Ռոբերտ Արզումանյանի ռեկորդային ցուցանիշները:

Հարկ է նշել, որ Հենրիխ Մխիթարյանն իր ներկայիս տեմպերով զգալիորեն գերազանցում է հավաքականի բացարձակ ռեկորդակիր Սարգիս Հովսեփյանին: Վերջինս 27 տարեկանում հավաքականում ընդամենը 41 խաղ էր անցկացրել:

Հավաքականում տարեկան 10-12 խաղ անցկացնելու դեպքում Մխիթարյանն արդեն 30 տարեկանում կարող է հատել 100 խաղի սահմանագիծը: Այնպես որ Հենրիխը մեծ հնարավորություն ունի գերազանցելու նաև Սարգիս Հովսեփյանի բացարձակ ռեկորդը: Իսկ մինչ այդ, նա առաջիկա տարիներին էլ կգերազանցի Ռոբերտ Արզումանյանի տարիքային մյուս ռեկորդները:

Ներկայացնում ենք ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով տարիքային ռեկորդները:

Տարիք       Ռեկորդակիր           Խաղ   Թվական

17        Էդգար Մանուչարյան        6          2004

18        Էդգար Մանուչարյան        9          2005

19        Էդգար Մանուչարյան        11        2006

20        Էդգար Մանուչարյան        14        2007

Հենրիխ Մխիթարյան         14        2009

21        Հենրիխ Մխիթարյան         19        2010

22        Հենրիխ Մխիթարյան         27        2011

23        Հենրիխ Մխիթարյան         35        2012

24        Հենրիխ Մխիթարյան         43        2013

25        Հենրիխ Մխիթարյան         50        2014

26        Հենրիխ Մխիթարյան         56        2015

27        Հենրիխ Մխիթարյան         57        2016

28        Ռոբերտ Արզումանյան     63        2013

29        Ռոբերտ Արզումանյան     69        2014

30        Ռոբերտ Արզումանյան     74        2015

31        Սարգիս Հովսեփյան          61        2003

32        Սարգիս Հովսեփյան          70        2004

33        Սարգիս Հովսեփյան          77        2005

34        Սարգիս Հովսեփյան          83        2006

35        Սարգիս Հովսեփյան          95        2007

36        Սարգիս Հովսեփյան          102      2008

37        Սարգիս Հովսեփյան          110      2009

38        Սարգիս Հովսեփյան          117      2010

39        Սարգիս Հովսեփյան          125      2011

40        Սարգիս Հովսեփյան          132      2012

41        Ռոման Բերեզովսկի          93        2015

42        Ռոման Բերեզովսկի          94        2016

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ