Մխիթարյան. «Չեմ կարծում, թե երկրպագուներիս կողմից արժանացած այսպիսի պարգևից ավելի կարևոր բան կա»

«Բորուսիայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը DW.com կայքի՝ երկրպագուների շրջանում անցկացրած քվեարկության արդյունքում ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Նշենք, որ քվեարկությանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրների երկրպագուներ(օրինակ՝ Մոնտենեգրոյից, Մալավիից, Մարոկկոյից-խմբ): Ստանալով ձայների 26 տոկոսը՝ Մխիթարյանն առաջ է անցել մյուս հավակնորդներից:

Դորտմունդի «Բորուսիայի» ամենաառանցքային խաղացողներից Հենրիխ Մխիթարյանն առաջ է անցել Չիչարիտոյից(21%), Թոմաս Մյուլերից ու Ռոբերտ Լևանդովսկիից(17%):

Իր հիասքանչ մրցաշրջանը Մխիթարյանը դեռևս կարող է շարունակել, քանի որ թիմը հանդիպում ունի Մյունխենի «Բավարիայի» հետ Գերմանիայի գավաթի եզրափակիչում:

Հաղթանակի հասնելու համար Մխիթարյանին օգնել են հայրենիքից՝ Հայաստանից, սակայն մի շարք ձայներ են արձանագրվել նաև աշխարհի շուրջ 30 երկրներից:

Մխիթարյանն անդրադարձել է քվեարկության արդյունքներին՝ DW-ի հետ զրույցում նշելով, որ իսկապես ուրախ է նման հաջողությունների համար, սակայն շեշտադրել է, որ կարևորը թիմային հաջողությունն է:

«Ես իսկապես երջանիկ եմ, որ կարողանում եմ գոլ խփել, գոլային փոխանցումներ կատարել, բայց ես շատ ավելի ուրախ եմ թիմային խաղի համար: Այս մրցաշրջանում մենք հիանալի ելույթ ունեցանք, բոլորը սիրում էին այն խաղը, որ մենք էինք ցուցադրում: Կարծում եմ՝ առաջիկայում ևս այդպես կլինի»,- ասել է Մխիթարյանը:

Հենրիխն անդրադարձել է նաև Թոմաս Տուխելի՝ իր մարզական կարիերայի վրա ունեցած ազդեցությանը. «Մենք հիանալի հարաբերություններ ունենք, և ես ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել նրա հետ աշխատելու: Առաջին զրույցի ժամանակ նա ինձ ասաց՝ «Միկի՛, ես կարող եմ քեզ թոփ կարգի ֆուտբոլիստ դարձնել»: Այո՛, ես սկզբում չէի հավատում, քանի որ բարդ էր հավատալ, որ վատ մրցաշրջանից հետո կարող եմ բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել: Բայց նա կարողացավ անել այդպես, և ես շնորհակալ եմ նրան»:

Մխիթարյանն այս մրցանակն ստանալուն անդրադարձել է նաև իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով. «Չեմ կարծում, թե ավելի լավ բան կա, քան ամբողջ աշխարհի իմ երկրպագուների կողմից այսպիսի պարգևի արժանանալը: Շատ շնորհակալ եմ իմ կողքին լինելու համար»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ