Մովսիսյանն ու Գրիգորյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում են

Կատալոնիայի Սաբադել քաղաքում ավարտին է մոտենում շախմատային փառատոնը: Նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումներն ավելի սրեցին պայքարը մրցաշարի գլխավոր մրցանակի՝ 1000 եվրոյի համար: Հուրախություն շախմատասերների, մրցաշարի մասնակից հայ երկու գրոսմայստերներն էլ հավակնում են գլխավոր մրցանակին:

Նախորդ տուրում կրած առաջին պարտությունից հետո Կարեն Մովսիսյանը բնավ էլ չէր ընկճվել և վերելքով անցկացրեց 8-րդ տուրի պարտիան, որում սպիտակներով խաղում էր կուբացի ՖԻԴԵ-ի վարպետ Ֆրանցիսկո Օլիվարեսի հետ: Վարպետ խաղի շնորհիվ Մովսիսյանը նյութական առավելություն ստացավ մրցակցի նկատմամբ (նավակն ու մեկ ավելի անցողիկ զինվորն ընդդեմ ձիու) և արդեն 38-րդ քայլին ստիպեց նրան հանձնվելու: Այս հաղթանակի շնորհիվ Մովսիսյանը վաստակեց 6 միավոր ու բարձրացավ 2-րդ հորիզոնական:

Մրցաշարի վերջնագծում հաջող է հանդես գալիս Կարեն Գրիգորյանը, ով 8-րդ տուրում սպիտակներով խաղում էր կատալոնացի գրոսմայստեր Միգել Մունյոզի հետ: Կարենը երկու զինվորի առավելություն ուներ և կարողացավ պարտիան հաղթական ավարտի հասցնել: Մունյոզը 62-րդ քայլին ընդունեց իր պարտությունը: Գրիգորյանն էլ վաստակեց 6 միավոր և տեղափոխվեց 3-րդ հորիզոնական:

Ավարտական տուրից առաջ Կարեն Մովսիսյանն ու Կարեն Գրիգորյանը կուբացի Կևել Օլիվայի հետ ընդամենը կես միավորով են զիջում աղյուսակը գլխավորող կուբացի Լազարո Ագուերոյին: Վերջինս 8-րդ տուրում անչափ կարևոր հաղթանակ տարավ կատալոնացի գրոսմայստեր Մարկ Նարկիսոյի նկատմամբ:

Եվ այսպես, այսօր կայանալիք ավարտական տուրը կանվանի գլխավոր մրցանակի դափնեկրին: Մովսիսյանը սպիտակներով կմրցի կուբացի Կևել Օլիվայի հետ, իսկ Գրիգորյանը սևերով կխաղա կատալոնացի գրոսմայստեր Մարկ Նարկիսոյի հետ: 1000 եվրոյի համար պայքարում վճռորոշ նշանակություն կունենա նաև Լազարո Ագուերոյի մրցախաղը Միգել Մունյոզի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ