Միխայիլ Տալի հուշամրցաշար. Արոնյանն զբաղեցրեց 3-րդ տեղը

Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հոբելյանական՝  10-րդ հուշամրցաշարը: Ավարտական տուրում Լևոն Արոնյանն առաջինն ավարտեց իր մրցախաղը՝ սևերով 40-րդ քայլին հաշտություն կնքելով աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Դա մրցաշարում անցկացրած 9 պարտիաներում հայ շախմատիստի օգտին գրանցված 8-րդ ոչ-ոքին էր: Այս ցուցանիշը ռեկորդային է մրցաշարի մասնակիցների մեջ: Ընդհանրապես մրցաշարն աչքի ընկավ ոչ-ոքիների առատությամբ: Կայացած 45 պարտիաներից 30-ում մրցակիցները հաշտություն կնքեցին:

Արոնյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ միակ հաղթանակը տոնելով 6-րդ տուրում Անիշ Գիրիի նկատմամբ: Բացի Արոնյանից, միայն Յան Նեպոմնյաշչուն հաջողվեց խուսափել պարտությունից:

Այսպիսով, Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և զբաղեցրեց 3-րդ տեղը՝ պարգևատրվելով գավաթով ու դիպլոմով, արժանանալով 25 հազար դոլար դրամական պարգևի:

Տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.

Շահրիյար Մամեդյարով-Վլադիմիր Կրամնիկ՝ 1:0

Լի Չաո-Անիշ Գիրի` 0,5:0,5

Բորիս Գելֆանդ- Յան Նեպոմնյաշչի` 0,5:0,5

Եվգենի Տոմաշևսկի-Պյոտր Սվիդլեր` 0,5:0,5

Այսպիսով, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, հուշամրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին, ով պարգևատրվեց գավաթով ու դիպլոմով, ինչպես նաև արժանացավ գլխավոր մրցանակին՝ 45 հազար դոլար պարգևավճարին:

Մրցաշարային ամփոփիչ աղյուսակն այսպիսի տեսք ստացավ.

1.Յան Նեպոմնյաշչի` 6 (45.000 դոլար)

2.Անիշ Գիրի` 5,5 (35.000)

3.Լևոն Արոնյան` 5 (25.000)

4.Վիշվանաթան Անանդ` 5 (18.000)

5.Պյոտր Սվիդլեր` 4,5 (16.000)

6.Լի Չաո՝ 4,5 (15.000)

7.Վլադիմիր Կրամնիկ՝  4,5 (13.000)

8.Շահրիյար Մամեդյարով` 4,5 (12.000)

9.Եվգենի Տոմաշևսկի` 3,5 (11.000)

10.Բորիս Գելֆանդ` 2 (10.000)

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը բավական հաջող է հանդես եկել Տալի հուշամրցաշարերում՝ 3 անգամ հաղթող ճանաչվելով մշտապես ուժեղ կազմ ունեցող մրցաշարում: 2006թ. կայացած առաջին հուշամրցաշարում Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակած 5,5 միավորով լավագույն արդյունքը ցույց տվեց Պետեր Լեկոյի և Ռուսլան Պոնոմարյովի հետ:

2010թ. նույնպիսի արդյունքով հայ շախմատիստը 1-3-րդ տեղերը բաժանեց Սերգեյ Կարյակինի և Շահրիյար Մամեդյարովի հետ: Ընդ որում Արոնյանը մրցաշարում պարտություն չկրեց: Հաջորդ տարի Լևոնը կրկնեց իր արդյունքը՝ հաղթողի դափնին կիսելով Մագնուս Կառլսենի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ