Միակ կես միավորը Սերգեյ Մովսիսյանը կորցրեց առանց խաղի

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացվող շախմատի մրցաշարում հաջող են մեկնարկել Հայաստանի միակ ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանը և ԱՄՆ-ը ներկայացնող Տաթև Աբրահամյանը:

Սերգեյ Մովսիսյանը մրցաշարը սկսեց 2 անընդմեջ հաղթանակով՝ առավելության հասնելով ամերիկացի Ալան Սևեջի և կանադացի Մայքլ Կլեյնմանի նկատմամբ: 3-րդ տուրում վիճակահանության արդյունքում Սերգեյ Մովսիսյանը մնացել էր առանց մրցակցի:

Մրցակարգի համաձայն նրա անվան դիմաց կես միավոր գրանցվեց: Այսպես հայ շախմատիստն առանց խաղի առաջին կես միավորը կորցրեց: Մինչդեռ չի բացառվում, որ Մովսիսյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը կարող էր տոնել, եթե խաղար:

Սերգեյը դա ապացուցեց 4-րդ տուրում՝ պարտության մատնելով իսլանդացի Տրյոստուր Թուրհալսոնին: Մովսիսյանը 3,5 միավորով 8-րդ տեղում է: Նա կես միավոր է զիջում երեք առաջատարներին:

Տաթև Աբրահամյանը մրցաշարը սկսել էր 3 անընդմեջ հաղթանակով, սակայն 4-րդ տուրում առաջին պարտությունը կրեց հնդիկ Աբհիջեթ Գուպտայի հետ մրցախաղում: Տաթևը 3 միավորով 24-րդ տեղում է:

Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 10 տուր: Հաղթողը կպարգևատրվի 5000, 2-րդ մրցանակակիրը՝ 2000, 3-րդը՝ 1250 եվրոյով: Ընդհանուր առմամբ դրամական պարգևների կարժանանան մրցաշարի 10 լավագույն շախմատիստները: Նախատեսված են նաև հատուկ մրցանակներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ