Մասիսում բացվեց Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցը

Մասիս քաղաքում կայացավ Օլիմպիական խաղերի չեմպիոն, Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Քաղաքի համար կարևոր այս իրադարձությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը և մարզաշխարհի այլ հայտնի ներկայացուցիչներ:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն իր ելույթում նշել է, որ համեմատաբար ոչ այնքան սպորտային քաղաքում Օլիմպիական չեմպիոնի անվան մարզադպրոցի բացումը շատ մեծ հեռանկարներ է բացում ապագա մարզիկների համար:

«Հարգելի հյուրեր, սիրով շնորհավորում եմ մեծանուն ըմբիշ Արմեն Նազարյանին այս աննախադեպ օրվա կապակցությամբ և պաշտոնապես հայտարարում, որ նման իրադարձությունները իրենցից ենթադրում են սպորտի նկատմամբ հետաքրքրության մեծացում, մանուկ ու պատանի մարզիկների թվի կտրուկ ավելացում: Ես համոզված եմ, որ կարճ ժամանակ անց, այս մարզադպրոցի սաները կնվաճեն բազմաթիվ տիտղոսներ, իսկ տարիներ անց նրանցից ոմանք անգամ նվաճեն Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հանդիսության գլխավոր «մեղավորը»՝ նորանկախ Հայաստանի պատմութան Օլիմպիական առաջին չեմպիոնն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլորին ու խոստացավ կարճ ժամանակում արդարացնել սպասելիքները:

«Սա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է: Աննկարագրելի զգացողություններ են: Այս քաղաքը միշտ իմ տունն է եղել ու ինձ նորանոր հաջողությունների հասնելու մեծ ուժ է տվել: Հիմա եկել է ժամանակը փոխհատուցելու ամեն ինչ: Ես կանեմ ամեն ինչ, որ հայկական սպորտը մեծ վերելքների հասնի ու դրա մեջ իր դերակատարությունն ունենա այս մարզադպրոցը»:

Պաշտոնական արարարողությունից հետո նախարարի պաշտոնակատարն Արմեն Նազարյանի ուղեկցությամբ ծանոթացավ տարածքում վերանորոգված ու շահագործման հանձնված բասկետբոլի և ֆուտբոլի խաղադաշտերին, ինչպես նաև մարզադպրոցի դահլիճներին:

Պատրաստեց՝ Ռոբերտ Գասպարյանը

Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ