Մարմնամարզության և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների գլխավոր մարզիչները ներկայացրել են հաշվետվությունները Ռիո-2016-ից

Ինչպես հաղորդում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, այսօր կայացել են մարմնամարզության և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների գլխավոր մարզիչների հաշվետվությունների լսումները:

Մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ամփոփել է մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանի և Արթուր Դավթյանի ելույթները Ռիոյի Օլիմիպիական խաղերում և ընդգծել, որ Հ. Մերդինյանին, որը նժույգաթափեր վարժությունում հասավ մինչև եզրափակիչ, խանգարեց հոգեբանական գործոնը:

«Շատ եմ ցավում, որ Հարությունը իր մրցելույթում չկատարեց վերջին տարրը, ինչն էլ պատճառ դարձավ նրա ձախողման: Մինչև այսօր չենք կարողանում հասկանալ դրա պատճառը: Երևի այն ավելի շատ հոգեբանական էր»,- ասել է Հ. Սերոբյանը:

Հ. Սերոբյանը գոհունակությամբ խոսել է մեր մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանի մասին, որը, թեև մրցանակային տեղ չի գրավել օլիմպիական խաղերում, սակայն իր վարժությունում կիրառել է բացառիկ տարր, որն էլ կոչվել է նրա անունով:

«Սա մեզ հպարտանալու առիթ է տալիս, քանի որ մարմնամարզության մեջ գրանցվել է նոր տարր՝ հայ մարզուհու անունով»:

Հաշվետվություններ ընդունող աշխատանքային խումբը, հաշվի առնելով,  որ երկար տարիների ընդմիջումից հետո հայ մարմնամարզիկը դուրս է եկել օլիմպիական խաղերի եզրափակիչ,հավաքականի մասնակցությունը Օլիմպիական խաղերին գնահատել է բավարար:

Իսկ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդարյանը այդքան էլ գոհ չէ հայ ազատ ոճի ըմբիշների ելույթներից Ռիո-2016-ում: Վերջինս հավաքականի մասնակացությունը Օլիմիպիադային գնահատել է անբավարար:

«Արդյունքում ունեցանք 4 վարկանիշ 6 քաշային կարգերում: Ես՝ որպես հավաքականի գլխավոր մարզիչ, սպասում էի գոնե մեկ մեդալի Ռիոյում կայացած օլիմպիական խաղերից, սակայն, ցավոք, մեր տղաներից ոչ ոք մրցանակային տեղ չգրավեց»,- ասել է Ա. Բաղդադյանը:

Նա նաև խոսել է այն խնդիրների մասին, որոնք խանգարում են ազատ ոճի ըմբշամարտի զարգացմանը և այս ոճում հանդես եկող մարզիկների հերթափոխի պատրաստմանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ