Մարկոս Պիզելի.«Շատ վատ եմ զգում, որ վերջին երկու տարիներին հաղթանակ չունենք»

Հայաստանի հավաքականի բաց մարզումից հետո Մարկոս Պիզելին պատասխանել է լրագրողների հարցերին.

-՞Ինչ մարզավիճակում եք մոտեցել հանդիպմանը:

-Շատ լավ մարզավիճակում եմ, որովհետև Սաուդյան Արաբիայի առաջնությունը սկսվել է դեռ հունվարից և բոլոր խաղերին մասնակցել եմ, ուստի 100 տոկոսով պատրաստ եմ Բելառուսի հետ խաղին:

-Ինչպե՞ս արձագանքեցին արաբ երկրպագուները շրջադարձ հարվածով Ձեր գոլին:

-Այնտեղ ֆուտբոլ շատ են սիրում, մենթալիտետն այնպիսին է, որ հաճախում են ֆուտբոլ և հատկապես լեգեոներների շատ են սիրում: Ամեն ինչ անում եմ թիմի համար, արդեն մի քանի գոլ եմ խփել: Չնայած այնտեղ եմ խաղում, բայց ամեն ինչ անելու եմ նաև, որ գամ Հայաստանի հավաքական և կարողանամ օգնել թիմին դաշտում:

-Հավաքականում կա նոր գլխավոր մարզիչ և բազում նորեկներ: Ինչ-որ փոփոխություններ արդեն նկատո՞ւմ եք:

-Իհարկե, ամեն մարզիչ նոր փիլիսոփայություն է բերում, բայց ես լավ եմ ճանաչում Վարուժան Սուքիասյանին: Երբ Հայաստան եմ եկել, նա ինձ շատ է օգնել, որ կայանամ: Իսկ ինչ վերաբերում է նոր ֆուտբոլիստներին, սա հավաքական է, մենք նույն ազգն ենք, նույն կերպ են մտածում, որ պետք է հաղթենք: Անցած երկու տարիների մասին ես էլ եմ շատ մտածում ու վատ զգում, որ հաղթանակ չկա: Հիմա ով էլ միանա, ամեն ինչ պետք է անի հաղթանակի համար:

-Յուրա Մովսիսյանը և Գևորգ Ղազարյանը չեն հրավիրվել հավաքական, իսկ Ռոբերտ Արզումանյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Ինչպե՞ս եք վերաբերում դրան:

-Առաջին հերթին շատ վատ եմ զգում որպես իրենց ընկեր: Բայց դա ես չեմ որոշում, դա ուրիշ մարդ է որոշում: Նրանք շատ լավ որակի ֆուտբոլիստներ են, դա բոլորս գիտենք, բայց հիմա չկան: Բայց ով որ այստեղ է, բոլորս պետք է կենտրոնանանք առաջիկա խաղի վրա: Իսկ նրանք, հուսանք, հետագայում էլի կկարողանան օգնել հավաքականին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ