Մամիկոն Ղարիբյանն ու Մարիամ Մկրտչյանը զիջեցին առաջատարի դիրքերը

Բաթումում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 4-րդ տուրն անհաջող էր մեկնարկում 3 հաղթանակ տոնած և առաջատարների խմբում գտնվող Մամիկոն Ղարիբյանի և Մարիամ Մկրտչյանի համար, որոնք առաջին պարտությունները կրեցին:

Մինչև 12 տարեկանների մրցաշարում Մամիկոնը սպիտակներով պարտվեց չինացի Սիայ Յուհաոյին, իսկ Մարիամը զիջեց ռուսաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Բիբիսարա Ասայբաևային: Մեր երկու շախմատիստներն էլ դուրս մնացին առաջատարների խմբից և այժմ մեկ միավորով են հետ մնում նրանցից:

Տղաների տարիքային այս խմբում Րաֆֆի Ղազարյանը հաղթելով իսրայելցի Ռևիվո Շոհամ Քոհենին, վաստակեց 3 միավոր: Հաղթանակներ տոնեցին նաև Սևակ Մանուկյանը, Գրիգոր Դավթյանը և Գոռ Գրիգորյանը, որոնք իրենց օգտին 2-ական միավոր են գրանցել: Նույնքան միավոր ունեցող  Արշակ Մելքոնյանը պարտվեց:

Տուրն անհաջող էր նաև մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում 2,5 միավոր վաստակած Մարիետա Խաչատրյանի համար, ով ևս պարտվեց: Նրա մրցակցուհին ռուսաստանցի Եվա Ստեփանյանն էր:  Իսկ ահա Աստղիկ Հակոբյանը հաղթելով հնդիկ Ռիշի Գուպտա Անանյային, վաստակեց 3 միավոր: Տարիքային այս խմբում իր առաջին հաղթանակը տոնեց Հասմիկ Քոչինյանը, ով ունի 1,5 միավոր:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հայ շախմատիստներից առավել հաջող է հանդես գալիս Էրիկ Հակոբյանը, ով հաղթելով բելառուս Միխայիլ Նավումենկային, վաստակեց 3 միավոր: Հաղթեցին նաև Արսեն Դավթյանը (2,5 միավոր) և Դավիթ Գասպարյանը (2), իսկ Հայկ Գրիգորյանն (2,5) ու Գոռ Սարգսյանը (2) զիջեցին մրցակիցներին:

Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարում Նիկոլայ Հովյանը պարտության մատնեց վրացի Նիկոլոզ Շամատավային ու վաստակեց 3 միավոր: Ռուդոլֆ Փաշիկյանն առաջին պարտությունը կրեց, իսկ Մենուա Հակոբյանը ոչ-ոքի խաղաց: Նրանք 2,5-ական միավոր ունեն:

Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարի հայ մասնակիցներից առայժմ առավել հաջող է հանդես գալիս Սեդա Բադալյանը, ով հաղթելով ռուսաստանցի Դարինա Լիին, վաստակել է 2 միավոր:

Իսկ ամենակրտսեր տարիքային խմբում 1,5-ական միավոր ունեն Անգելինա Ղուկասյանը և Սյուզաննա Առաքելյանը: Անգելինան պարտվեց, իսկ Սյուզաննան հաշտություն կնքեց մրցակցի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ