Մամիկոն Ղարիբյանն իր տիտղոսին արժանի խաղ է ցուցադրում

Բաթումում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում հայ շախմատասերների ուշադրությունն առաջին հերթին բևեռված է մինչև 12 տարեկանների Եվրոպայի այս տարվա չեմպիոն Մամիկոն Ղարիբյանի ելույթների վրա: Շնորհալի պատանի շախմատիստն իր տիտղոսին արժանի խաղ է ցուցադրում:

3-րդ տուրն էլ հաղթական էր Մամիկոնի համար, ով սևերով պարտության մատնեց չինացի Պեն Շուային: Ղարիբյանը 10 առաջատարներից մեկն է: Տարիքային այս խմբում Մամիկոնից հետո լավագույն արդյունքն ունեն Րաֆֆի Ղազարյանն ու Արշակ Մելքոնյանը, որոնք հաղթանակներ տոնելով, վաստակել են 2-ական միավոր:

Իր հաղթարշավը շարունակեց նաև մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարի մասնակից Մարիամ Մկրտչյանը, որի մրցակցուհին մոնղոլ Բոլդբաթար Ալթանթույան էր: Մարիամը 6 շախմատիստուհիների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Իսկ ահա մեկնարկում 2 հաղթանակ տոնած Աստղիկ Հակոբյանն անհաջողության մատնվեց՝ պարտվելով թուրք Սիլա Քագլարին: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Մարիետա Խաչատրյանը՝ առավելության հասնելով Բուլղարիան ներկայացնող Էլիֆ Մեհմեդի նկատմամբ: Մարիետան 2,5 միավորով 12-րդ տեղում է:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հաղթանակներով մեկնարկած Գոռ Սարգսյանը 3-րդ տուրում առաջին պարտությունը կրեց՝ զիջելով չինացի Չեն Շիյանին: Տարիքային այս խմբում հայ շախմատիստներից առավել հաջողը Հայկ Գրիգորյանի ելույթն է, ով 2,5 միավորով հետապնդում է առաջատարներին: Հայկը հաղթեց ամերիկացի Ջեյսոն Յուին:

Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարում առաջատարների խմբում գտնվող Նիկոլայ Հովյանն անդրանիկ պարտությունը կրեց վրացի Կախաբեր Կիզիրիայի հետ պարտիայում: Ռուդոլֆ Փաշիկյանը հաղթելով ռուսաստանցի Նիկոլայ Շմիրյովին, վաստակեց 2,5 միավոր՝ միանալով 10 առաջատարներին հետապնդող շախմատիստներին:

Մինչև 10 և 8 տարեկան աղջիկների մրցաշարի հայ մասնակիցներից առայժմ առավել հաջող է հանդես գալիս ամենակրտսեր տարիքային խմբում հանդես եկող Անգելինա Ղուկասյանը, ով ունի 1,5 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ