Մամիաշվիլիին մեղադրում են ռուս մարզուհուն ծեծելու մեջ

Ռուսական Спорт-Экспресс-ի խմբագրություն են դիմել Ռուսաստանի ըմբշամարտի հավաքականի մարզուհի Իննա Տրաժուկովան, ով պարտություն էր կրել Ռիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում, իսկ ապա` երրորդ տեղի համար պայքարում մինչև 63 կգ քաշային կարգում: Տրաժուկովան հայտնել է, որ գոտեմարտից հետո Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին իրեն բռնության է ենթարկել:

«Գոտեմարտից հետո Մամաիշվիլին դիմավորեց ինձ ոչ սթափ վիճակում: Նա սկսեց կոպիտ խոսել ինձ հետ ու երկու անգամ հարվածեց դեմքիս: Այս ամենը տեղի ունեցավ այլ մարդկանց ներկայությամբ: Ես պատրաստվում եմ դատի տալ նրան, ինչպես նաև դիմել Ռուսաստանի սպորտի նախարարին: Չէ որ ես ստրուկ չեմ, որ պարտված մարտի համար ինձ հետ այսպես վարվեն: Ինձ այլ մարդկանց ներկայությամբ նսեմացրել են: Ես ուզում եմ վերջ դնել այս ամենին, որպեսզի հետագայում ոչ ոք չտուժի»,-ասել է Տրաժուկովան:

Մամիաշվիլին այս նորությանը հետևյալ արձագանքն է տվել.«Իսկ ինչ էր մնում մարզուհուն ասել այսպիսի մարտից հետո: Իննան կամք չդրսևորեց, անտաղանդ մարտ վարեց: Նման ելույթից հետո խոսակցությունն ուղեկցվեց կոշտ արտահայտություններով: Նա մարզիկ է և պատասխանատվություն է կրում արդյունքի համար: Նա պարտավոր է արժանի ելույթ ունենալ»:

Հիշեցնենք, որ Մամիաշվիլին ժամանակին կոնֆլիկտ է ունեցել նաև նախկինում Ռուսաստանի հավաքականի կազմում ելույթ ունեցած Միհրան Հարությունյանի հետ: Շատերը հայ մարզիկի անարդարացի պարտությունը Օլիմպիական խաղերի եզրափակչում կապում են նաև Մամիաշվիլիի հնարավոր ազդեցության հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ