Մահացու շարժունակությամբ, տեմպով ու խաղադաշտը տեսնելու բացառիկ կարողությամբ Հենրիխ Մխիթարյանը

WorldSoccerTalk-ն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հոյակապ մրցաշրջան է անցկացնում Գերմանիայում: Չնայած այն հանգամանքին, որ նրա թիմակիցներ Մարկո Ռոյսն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը համընդհանուր գովասանքի առարկա են դառնում հաճախակի, 27-ամյա Մխիթարյանն իր տաղանդով ամենևին էլ չի զիջում թիմակիցներին, եթե իհարկե չի գերազանցում: Transfermarkt.com-ի տվյալներով՝ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանի 50 խաղում դարձել է 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ:

Մխիթարյանը 2013 թվականին դարձավ դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը(23.6 միլիոն ֆունտ), երբ նա գերմանական ակումբ տեղափոխվեց Դոնեցկի «Շախտյորից»: «Բորուսիայում» անցկացրած առաջին մրցաշրջանում Մխիթարյանի ելույթներն այսպիսի տպավորիչ չէին: 42 խաղում նա դարձավ 7 գոլային փոխանցման հեղինակ:

Բայց և այնպես, Մխիթարյանը վերականգնեց մարզավիճակն ու փայլուն ելույթներ ունեցավ 2015/16թթ. մրցաշրջանում: Բունդեսլիգայի մեկնարկային 18 տուրում 27-ամյա հայ ֆուտբոլիստը դարձավ 7 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը չբավարարվեց այսքանով. միայն ապրիլից սկսած՝ նա 7 խաղում դարձավ 8 գոլային փոխանցման հեղինակ: Հաշվի առնելով նրա բարձր խաղամակարդակը, ինչպես նաև այն, որ մեկ տարվա պայմանագիր է մնացել դորտմունդյան ակումբի հետ՝ ամառային տրանսֆերային պատուհանը Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունների լայն շրջանակ է բացելու:

Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվողներից երկուսն «Արսենալն» ու «Յուվենտուսն» են, որոնք արդեն կապ են հաստատել գերմանական ակումբի հետ ու բանակցել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: Գիտակցելով այն, որ Մխիթարյանի ու «Բորուսիայի» միջև պայմանագիրն ավարտվում է 2017 թվականին՝ դորտմունդցիները հասկանում են, որ շատ ավելի լավ է հարմար գումարով հրաժարվել հայ կիսապաշտպանի ծառայություններից, քան թողնել, որ հաջորդ մրցաշրջանում արդեն նա ինքնակամ հեռանա ազատ գործակալի կարգավիճակով: Մխիթարյանի տրանսֆերը գնահատվում է շուրջ 25 միլիոն ֆունտ:

«Զինագործներն» ամեն ինչ կանեն Մխիթարյանին ձեռք բերելու համար: Նա շատ արագ կմերվի թիմին: Մխիթարյանն ուղղակի մահացու է իր շարժունակությամբ, տեմպով ու խաղադաշտը տեսնելու բացառիկ կարողությամբ, որով միանշանակ կնպաստի նաև Օքսլեյդ-Չեմբերլեյնի ու Թեո Ուոլքոթի խաղին:

Մխիթարյանի հետ պայմանագրի կնքումն օգտակար կլինի նաև «Յուվենտուսի» համար: Վարձավճարով հանդես եկող Խուան Կուադրադոն, ամենայն հավանականությամբ, կմիանա «Չելսիին»: Այդ պարագայում թուրինյան ակումբի աջ եզրը բաց է մնալու: Խոսակցություններ կան, որ Կուադրադոն կարող է մնալ «Յուվենտուսում», սակայն «Չելսիի» ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն այլ տեսակետ ունի այդ հարցի շուրջ:

Անկախ այն բանից՝ Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենա՞լ», թե՞ «Յուվենտուս», մի բան հստակ է՝ Դորտմունդի «Բորուսիայի» համար բարդ է լինելու: Եթե հայ ֆուտբոլիստը որոշի «Արսենալ» տեղափոխվել, ինչպես պնդում է Europsort-ը, ապա «զինագործները» պետք է երկու ձեռքն էլ պարզեն նրան ընդառաջ»,- գրել է կայքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ