Մագնուս Կառլսենը պահպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը

Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ ինքն իրեն հիանալի նվեր մատուցելով ծննդյան 26-ամյակի առթիվ: Իր ծննդյան օրը 4 պարտիայից բաղկացած արագ շախմատի մրցաշարում Կառլսենը 3:1 հաշվով հաղթեց Կարյակինին և պահպանեց շախմատային թագը: Ընդ որում առաջին երկու պարտիաներում մրցակիցները հաշտություն կնքեցին, իսկ հաջորդ երկու պարտիաներն ավարտվեցին աշխարհի չեմպիոնի հաղթանակով:

Հաղթանակից անմիջապես հետո Կառլսենի առաջին մեկնաբանությունը հետևյալն էր. «Այսօր զգում էի, որ ուժեղագույնն եմ: Ես արժանիորեն հաղթեցի: Դժվարին մրցախաղ էր: Սերգեյը լուրջ դիմադրություն ցույց տվեց»:

Սերգեյ Կարյակինը շնորհավորելով մրցակցին, հետևյալն է ասել. «Անկեղծ ասած, այսօր լավ չխաղացի: Բոլոր պարտիաներում էլ ինձ վատ դրսևորեցի: Դժվար էր դասական շախմատի 12 պարտիաներից հետո արագ շախմատ խաղալը: Ընդհանուր առմամբ ինձ համար այնքան էլ վատ չընթացավ մրցամարտը: Հույս ունեմ, որ հավակնորդների մրցաշարի շնորհիվ կրկին իրավունք կստանամ պայքարելու շախմատային թագի համար»:

Այսպիսով, Մագնուս Կառլսենը 2-րդ անգամ հաջողությամբ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը: Նորվեգացի գրոսմայստերն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2013թ.՝ Հնդկաստանի Չեննայ քաղաքում կայացած մրցախաղում 6,5:3,5 հաշվով հաղթելով շախմատային թագի տիրակալ Վիշվանաթան Անանդին: Հաջորդ տարվա նոյեմբերին Սոչիում կայացած աշխարհի առաջնության մրցախաղում Կառլսենը կրկին առավելության հասավ Անանդի նկատմամբ (6,5:4,5)՝ պահպանելով իր տիտղոսը:

Նյու Յորքում ընթացած շախմատի աշխարհի առաջնության մրցախաղում ընդհանուր 9:7 հաշվով հաղթանակ տանելու համար Մագնուս Կառլսենը պարգևատրվեց մրցանակային հիմնադրամի 55 տոկոսով՝ 605 հազար եվրոյով: Կարյակինը ստացավ 45 տոկոսը՝ 495 հազար եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ