Մացեյ Կալիշչուկ. «Հաղթանակից բացի ցանկացած այլ արդյունք աղետ կլինի Լեհաստանի համար»

Լեհաստանի ամենահին ու հեղինակավոր մարզական օրաթերթերից մեկի՝ Przegląd Sportowy-ի լրագրող Մացեյ Կալիշչուկը VivaroNews.am-ի թղթակցին պատմել է Լեհաստան – Հայաստան խաղին ընդառաջ Վարշավայում տիրող տրամադրությունների մասին:

-Ինչպե՞ս են Լեհաստանում սպասում Հայաստանի հետ հանդիպմանը:

-ԵՎՐՈ-2016-ում հաջող ելույթից հետո Լեհաստանի հավաքականը մեծ հեղինակություն է վայելում մարզասերների շրջանում: Ուստի, Վարշավայի «Ազգային» մարզադաշտը, կարծում եմ, լիքն է լինելու: Մեր հավաքականը դեռ երբեք այսպիսի ուժեղ կազմ չի ունեցել, ինչքան հիմա է, ուստի մեծ ոգևորություն կա խաղից առաջ:

-Ի՞նչ սպասելիքներ ունեն մարզասերները Լեհաստան – Հայաստան խաղից:

-Լեհաստանում բոլորը հեշտ հաղթանակ են սպասում, հատկապես Հայաստան – Ռումինիա խաղից հետո: Հաղթանակից բացի ցանկացած արդյունք մեզ համար աղետ կլինի: Ես գիտեմ, որ ժամանակին մեր թիմը պարտվել է Հայաստանում, բայց հիմա մենք միանգամայն այլ ֆուտբոլիստներ ունենք: Նույնիսկ Միլիկի բացակայության պայմաններում բոլորը կարծում են, որ Լեհաստանը վստահ հաղթանակ է տանելու:

-Բացի Արկադիուշ Միլիկից, կազմում այլ կորուստներ կա՞ն:

-Խաղին հավանաբար չի մասնակցի նաև Լուկաշ Պիշչեկը, ով նույնպես վնասվածք ունի: Մեզ համար մեծ կորուստ է նաև կենտրոնական պաշտպան Միխալ Պազդանի վնասվածքը, ով որակավորման փուլում դեռ ոչ մի հանդիպման չի մասնակցել: Հարձակման գծում մեզ մոտ առանց Միլիկի էլ բավարար ռեսուրսներ կան առաջիկա խաղի համար:

-Արդյո՞ք անհանգստացնող չէ, որ Լեհաստանի հավաքականը միավոր կորցրեց Ղազախստանի հետ խաղում:

-Իհարկե, դա մեզ համար մեծ անակնկալ էր, բայց դա կարելի է պատահականություն համարել: Տղաները երևի որոշակիորեն թերագնահատել էին մրցակցին: Ավելի անհանգստացնող է այն, որ մեր թիմը երկու խաղում 4 գնդակ է ընդունել: Մեր տղաները նախ 2 գնդակ են խփում, իսկ ապա թուլացնում ու ընդունում: Կարծում եմ, մարզիչը համապատասխան աշխատանք կատարած կլինի, որպեսզի այս խաղում դա չկրկնվի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ