Լյուբիշա Տումբակովիչ. «Մենք իրական պատկերացում չունենք Հայաստանի հավաքականի ներուժի մասին»

Աշխարհի առաջնության որակավորման փուլի` Հայաստանի հետ խաղից առաջ Չեռնոգորիայի հավաքականի մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը պատասխանեց լրագրողների հարցերին.

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք վաղվա խաղից:

– Բոլոր խաղերն էլ որակավորման փուլի սկզբից մեզ համար յուրահատուկ նշանակություն ունեն: Սա 10 խաղերից բաղկացած յուրահատուկ մինի լիգա է, և յուրաքանչյուր խաղ ունի 3 միավորի արժեք: Այս խաղի կարևորությունը նույնն է, ինչ մյուս խաղերինը: Այս պայմաններում Հայաստանի հավաքականը նախորդ խաղերում լավ արդյունք չի գրանցել, բայց կարող եմ ասել, որ շատ դեպքերում նրանց բախտը չի բերել: Նկատի ունեմ երկու խաղերում ստացած կարմիր քարտերը: Ուստի մենք այնքան էլ իրական պատկերացում չունենք Հայաստանի հավաքականի ներուժի մասին: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մրցակցի ներուժն ավելի մեծ է, քան կարելի էր դատել խաղերից: Նրանք ունեն մի քանի բարձր մակարդակի ֆուտբոլիստներ: Մենք պետք է մեր լավագույն խաղը ցույց տանք, որովհետև գիտենք, որ մրցակիցն ունի նոր մարզիչ ու մեծ մոտիվացիա` շտկելու ստեղծված իրադրությունը:

– Արդյո՞ք Միրկո Վուչինիչը մասնակցելու է խաղին:

– Միրկո Վուչինիչը մեզ հետ մարզվել է վերջին շաբաթվա ընթացքում, բայց ցավոք նա չկարողացավ վերականգնվել մինչև խաղը: Ֆուտբոլիստը չի եկել Հայաստան ու չի խաղալու:

– Արդյո՞ք վաղը հնարավոր պարտությունը աղետալի կլինի Ձեզ համար:

– Աղետալի չի լինի, սակայն միավորներ կորցնելը այնքան էլ ցանկալի չէ: Մենք պարտավորություն չունենք արդյունք ապահովելու, մենք պարտավոր ենք միայն լավ խաղ ցուցադրել և առավելագույնս օգտագործել մեր հնարավորությունները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ