Լիլիթ Մկրտչյանի պարտությունը չազդեց «Յուգրայի» հաղթական արդյունքի վրա

Ռուսական «Յուգրայի» կազմում Լիլիթ Մկրտչյանը պարտությամբ սկսեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունում իր առաջին ելույթը: 2-րդ խաղատախտակի վրա Լիլիթը սևերով զիջեց ASD թիմի ներկայացուցիչ Օլգա Զիմինային:

Իսկ ահա Լիլիթի թիմակիցներ Աննա Ուշենինան, Մարինա Նեչաևան և Բաիրա Կովանովան հաղթեցին իրենց մրցակիցներին և ապահովեցին «Յուգրայի» հաղթանակը 3:1 հաշվով:

Իտալական «Պադովայի» կազմում ընդգրկված Լևոն Արոնյանը չմասնակցեց «Էն Պասանտի» հետ մրցախաղին: Նրան և ֆրանսիացի Մաքսիմ-Վաշիե Լագրավին հանգստանալու հնարավորություն էին ընձեռել: Առանց թիմի առաջատարների էլ «Պադովան» մեծ առավելությամբ հաղթեց մրցակցին: Միակ կես միավորը մրցակցին զիջեց 6-րդ խաղատախտակի վրա հանդես եկած իտալացի Դանիիլ Դվիրնին: Իսկ ահա թիմի մյուս 5 շախմատիստները՝ Բորիս Գելֆանդը, Պետեր Լեկոն, Էթիեն Բաքրոն, Դանիել Վոկատուրոն և Ալբերտո Դավիդը հաղթանակներ տոնեցին:

Շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությանը մասնակցում են տղամարդկանց 62 և կանանց 14 թիմեր: Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 7 տուր: Մրցումների գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ