Լիլիթ Մկրտչյանը «Յուգրայի» կազմում արժանացավ բրոնզե մեդալի

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունը: Լիլիթ Մկրտչյանը Խանտի Մանսիյսկի «Յուգրայի» կազմում դարձավ բրոնզե մրցանակակիր:

7-րդ տուրում Կազանի «Լադյայի» հետ մրցավեճում Լիլիթը հանդես եկավ 2-րդ խաղատախտակի վրա և կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան Կարինա Համբարձումովայի հետ: Հայ շախմատիստուհուն այդպես էլ չհաջողվեց մրցաշարում հաղթանակ տոնել: Անցկացրած 6 պարտիաներում նա վաստակեց 2,5 միավոր՝ կրելով մեկ պարտություն, 5-ում հաշտություն կնքելով մրցակիցների հետ: Լիլիթի արդյունքը թիմում ամենացածրն է:

«Յուգրան» 3:1 հաշվով հաղթելով «Լադյային», 10 միավորով գրավեց 3-րդ տեղը: 14 միավորով հաղթող դարձավ Մոնտե Կառլոյի «Սերկլ դ’Եշակը», որը դեռևս նախորդ տուրում էր անհասանելի դարձել մրցակիցների համար: 11 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց Բաթումի ՆՈՆԱ-ն:

Իսկ ահա Լևոն Արոնյանն իտալական «Պադովայի» կազմում մնաց առանց մրցանակի: Ավարտական տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց  Ֆրանցիսկո Վալյեխոյի հետ: Իսկ «Պադովան» 2,5:3,5 հաշվով պարտվեց «Աշդոդին» ու զրկվեց մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից՝ 9 միավորով հայտնվելով 12-րդ տեղում:

Լևոն Արոնյանը մասնակցեց իր թիմի վերջին 5 հանդիպումներին՝ վաստակելով 2,5 միավոր: Նա տարավ մեկ հաղթանակ, կրեց մեկ պարտություն, 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Հայ գրոսմայստերի արդյունքը ևս վատագույնն է թիմում: Բոլորից հաջող հանդես եկավ Բորիս Գելֆանդը՝ 6 հնարավորից վաստակելով 4,5 միավոր:

Տղամարդկանց մրցաշարում հաղթող ճանաչվեց մակեդոնական «Ալկալոիդը», որը վաստակեց 12 միավոր: 11-ական միավորով արծաթե և բրոնզե մրցանակակիրներ դարձան Սանկտ-Պետերբուրգի «Մեդնի Վսադնիկը» և մոսկովյան SHSM-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ