Լևոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությանը

Լևոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը տարբեր թիմերի կազմում կմասնակցեն Սերբիայի Նովի Սադ քաղաքում նոյեմբերի 6-ին մեկնարկող շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությանը: Շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարում կկայանա 7 տուր: Տղամարդկանց մրցաշարում հայտավորված են 61 թիմեր, կանանց մրցապայքարին կմասնակցի 17 թիմ:

Լևոն Արոնյանը հանդես կգա իտալական «Պադովա» թիմի կազմում: Չնայած թիմի 8 անդամների մեջ Արոնյանն իր վարկանիշով (2795) երկրորդն է՝ զիջելով ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին (2811), սակայն հայ գրոսմայստերը հանդես է գալու առաջին խաղատախտակի վրա: Թիմում ընդգրկված են նաև իսրայելցի Բորիս Գելֆանդը, հունգարացի Պետեր Լեկոն, ֆրանսիացի Էթիեն Բաքրոն և իտալացիներ Ալբերտ Դավիդը, Դանիել Վոկատուրոն և Դանիիլ Դվիրնին:

«Պադովան» իր շախմատիստների միջին վարկանիշով (2718) 3-րդն է ռուսական «Սիբիրից (2745) և մակեդոնական «Ալկալոիդից» (2732) հետո:

Լիլիթ Մկրտչյանը մեդալների համար կպայքարի ռուսական «Յուգրա» թիմի կազմում՝ հանդես գալով 3-րդ խաղատախտակի վրա: Նրա թիմակիցները կլինեն ուկրաինացի Աննա Ուշենինան և ռուսաստանցիներ Նատալյա Պոգոնինան, Մարինա Նեչաևան ու Բահիրա Կովանովան:

«Յուգրան» իր շախմատիստուհիների միջին վարկանիշով (2451) ևս 3-րդն է Մոնտե Կառլոյի թիմից (2547) և Բաթումի ՆՈՆԱ-ից (2454) հետո:

Իհարկե, ցավալի է, որ Հայաստանը լինելով շախմատային հզոր երկիր, ներկայացված չէ շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունում: Իսկ ժամանակին կանանց և տղամարդկանց «Միկա» թիմերը բավական հաջող ելույթներ են ունեցել այդ մրցաշարերում: «Միկայի» կանանց թիմը 2006թ. նվաճել է գավաթը, 2012թ. արժանացել է արծաթե մեդալների, իսկ 2007, 2010 և 2011թթ. գրավել է մրցանակային 3-րդ տեղը: 2006թ. թիմի հաջողությունում իրենց ավանդն են ներդրել Էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը և վրացի շախմատիստուհիներ, աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն ու Նինո Խուրցիձեն:

 «Միկայի» տղամարդկանց թիմը 2009թ. դարձել է արծաթե մրցանակակիր: Թիմի կազմում էին Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանն ու Արման Փաշիկյանը:

Նշենք նաև, որ դեռևս 1995թ. Հարավսլավիայի Լյուբլյանա քաղաքից եվրոպական գավաթը Հայաստան էր բերել տղամարդկանց «Երևան» թիմը, որի կազմում էին Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Նորայր Քալանթարյանն ու Արսեն Եղիազարյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ