Լևոն Արոնյանը պարտվեց, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկության 3-րդ տուրում Լևոն Արոնյանն իր առաջին ելույթն ունեցավ իտալական «Պադովայի» կազմում: 2-րդ խաղատախտակի վրա Արոնյանը սպիտակներով մրցեց սերբական «Սվյատիտել Նիկոլայ Սերբսկի»  թիմի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապորտի հետ: 41-րդ քայլին հայ գրոսմայստերը հանձնվեց:

«Պադովայի» կազմում առաջին խաղատախտակի վրա հանդես եկած ֆրանսիացի Մաքսիմ-Վաշիե Լագրավն էլ պարտվեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: «Պադովայից» միակ հաղթանակը տոնեց Դանիել Վոկատուրոն, որի մրցակիցը Միլոշ Պերունովիչն էր: Մյուս 3 պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքիներ: Այսպիսով, «Պադովան» 2,5:3,5 հաշվով զիջեց մրցակցին՝ կրելով մրցաշարում առաջին պարտությունը: «Պադովան» 4 միավորով նահանջեց 11-րդ հորիզոնական: 4-րդ տուրում «Պադովայի» մրցակիցը կլինի «Ցրվենա Զվեզդան»:

3 տուրից հետո տղամարդկանց մրցաշարում 6-ական միավորով առաջատարներն են «Ժիգուլին», «Ալկալոիդը», «Սիբիրը», «Սվյատիտել Նիկոլայ Սերբսկին»  և «Մեդնի Վսադնիկը»:

Մեկնարկում պարտություն կրած Լիլիթ Մկրտչյանը չէր մասնակցել ռուսական «Յուգրայի» 2-րդ տուրի մրցախաղին: Իսկ 3-րդ տուրում Լիլիթը կրկին խաղաց 3-րդ խաղատախտակի վրա՝ հաշտություն կնքելով Սանկտ Պետերբուրգի Չիգորինի անվան ակումբի թիմի ներկայացուցիչ Դինա Բելենկայայի հետ:

«Յուգրան» հաղթեց 3:1 հաշվով: Թիմի հաջողությունն ապահովեցին Նատալյա Պոգոնինան և Մարինա Նեչաևան, որոնք հաղթեցին մրցակիցներին: «Յուգրան» 6 միավորով Մոնտե Կառլոյի «Սերկլ դ’Եշակ» թիմի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մոնտե Կառլոյի թիմը 2,5:1,5 հաշվով հաղթեց Բաթումի ՆՈՆԱ թիմին: 4-րդ տուրում «Յուգրան» կմրցի «Սերկլ դ’Եշակի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ