Լևոն Արոնյանը կմասնակցի Տալի հուշամրցաշարին

Սեպտեմբերի 25-ին Մոսկվայում կտրվի շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հոբելյանական՝ 10-րդ հուշամրցաշարի մեկնարկը: Այն «Շախմատը թանգարաններում»  ծրագրի մաս է կազմում և անցկացվելու է ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում: Առաջին օրը կայանալիք կայծակնային մրցաշարում զբաղեցրած տեղերով էլ կորոշվեն մրցաշարի 10 մասնակիցների համարները:

Մասնակիցների թվում է Տալի հուշամրցաշարի եռակի հաղթող, հայ շախմատիստների առաջատար Լևոն Արոնյանը, ով ՖԻԴԵ-ի իր անհատական վարկանիշով (2795) զիջում է միայն աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին (2808):

Արոնյանի մրցակիցների թվում են նաև աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը (2776), ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը (2761), Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրին (2755), չինացի Լի Չաոն (2746), ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերը (2745),  Յան Նեպոմնյաշչին (2740) և Եվգենի Տոմաշևսկին (2731), ինչպես նաև Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդը (2743): Մրցաշարը ՖԻԴԵ-ի 21-րդ կարգի է (մասնակիցների միջին վարկանիշը 2760 է): Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 200 հազար դոլար է:

Լևոն Արոնյանը բավական հաջող է հանդես եկել Տալի հուշամրցաշարում՝ 3 անգամ հաղթող ճանաչվելով մշտապես ուժեղ կազմ ունեցող մրցաշարում: 2006թ. կայացած առաջին հուշամրցաշարում Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակած 5,5 միավորով լավագույն արդյունքը ցույց տվեց Պետեր Լեկոյի և Ռուսլան Պոնոմարյովի հետ:

2010թ. նույնպիսի արդյունքով հայ շախմատիստը 1-3-րդ տեղերը բաժանեց Սերգեյ Կարյակինի և Շահրիյար Մամեդյարովի հետ: Ընդ որում Արոնյանը մրցաշարում պարտություն չկրեց: Հաջորդ տարի Լևոնը կրկնեց իր արդյունքը՝ հաղթողի դափնին կիսելով Մագնուս Կառլսենի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ