Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում զիջել է դիրքերը

ՖԻԴԵ-ն հրապարակել է դեկտեմբեր ամսվա վարկանիշային ցուցակը, որում հայ շախմատիստների առաջատար Լևոն Արոնյանը 10-ով նվազեցրել է իր վարկանիշը՝ հասցնելով  2785-ի և 5-րդ տեղից նահանջել է 7-րդ հորիզոնական: Դա նոյեմբերին շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի մրցաշարում իտալական «Պադովայի» կազմում անցկացրած 5 պարտիաների արդյունքն է:

Վարկանիշային ցուցակը գլխավորող Մագնուս Կառլսենն էլ աշխարհի առաջնության մրցախաղի 12 պարտիաներում գրանցած արդյունքների հիման վրա վարկանիշը նվազեցրել է 13-ով: Նա այժմ 1-ին հորիզոնականում է 2840 վարկանիշով: Իսկ ահա Սերգեյ Կարյակինը 13 կետով առաջադիմելով, 2785 վարկանիշով 9-րդ տեղից տեղափոխվել է 6-րդ հորիզոնական:

Վարկանիշային աղյուսակի լավագույն հնգյակում Մագնուս Կառլսենին հաջորդում են ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան (2823), ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2809), ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2804) և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոն (2795):

Ինչպես վարկանիշային նախորդ ցուցակում, այս անգամ էլ հայաստանցի ևս 3 շախմատիստներ տեղ են զբաղեցրել 100 ուժեղագույնների ցանկում: Վլադիմիր Հակոբյանը, ով նոյեմբերին էլ ոչ մի մրցաշարի չմասնակցեց, պահպանել է իր 2675 վարկանիշը և նախորդ ամսվա համեմատ մեկ հորիզոնականով բարձրացել է՝ զբաղեցնելով 67-րդ տեղը:

Առաջադիմել է նաև Սերգեյ Մովսիսյանը, ով վարկանիշն ավելացրել է մեկով և ներկայումս 2673 վարկանիշով 74-րդ տեղից բարձրացել է 71-րդ հորիզոնական:

Իսկ ահա Գաբրիել Սարգսյանը թեև պահպանել է իր 2667 վարկանիշը, սակայն 81-րդ տեղից նահանջել է 84-րդ հորիզոնական:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը չմասնակցելով որևէ մրցաշարի, պահպանել է իր 2444 վարկանիշն ու 32-րդ տեղը ցանկում: Իսկ ահա Լիլիթ Մկրտչյանը 8-ով նվազեցրել է վարկանիշը և այժմ 2431 վարկանիշով 37-րդ տեղից նահանջել է 41-րդ հորիզոնական: Կանանց վարկանիշային ցուցակը 2651 վարկանիշով գլխավորում է աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանը:

Մինչև 20 տարեկան 100 ուժեղագույն պատանի շախմատիստների ցանկում հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի ամերիկահայ 15-ամյա գրոսմայստեր Սամուել Սևյանը, ով 2603 վարկանիշով 11-րդ տեղում է: Նախորդ ցուցակում նա 2590 վարկանիշով 13-րդ տեղում էր: Սևյանը շախմատային կարիերայի ընթացքում 3-րդ անգամ հատեց 2600-ի սահմանագիծը: Նրա ներկայիս վարկանիշն այս տարվա հունիսի լավագույն արդյունքի կրկնությունն է:

Մինչև 18 տարեկանների աշխարհի և Եվրոպայի այս տարվա չեմպիոն Մանուել Պետրոսյանը մեկով նվազեցնելով վարկանիշը, 2550 վարկանիշով 2 տեղով նահանջել է ու զբաղեցնում է 29-րդ հորիզոնականը:

Զգալի առաջընթաց է ունեցել մինչև 16 տարեկանների աշխարհի այս տարվա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ով 20-ով ավելացնելով վարկանիշը, 2516 վարկանիշով 61-րդ տեղից բարձրացել է 42-րդ հորիզոնական:

Տիգրան Հարությունյանն էլ 10-ով ավելացնելով վարկանիշը և հասցնելով 2511-ի, 56-րդ տեղից տեղափոխվել է 47-րդ հորիզոնական:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ