Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի լավագույն հնգյակում է

Հայ շախմատիստների առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է իր դիրքն ու անհատական վարկանիշն այսօր հրապարակված ՖԻԴԵ-ի նոյեմբեր ամսվա վարկանիշային ցուցակում: Ինչպես հոկտեմբերին, այս անգամ էլ Արոնյանը 2795 վարկանիշով եզրափակում է լավագույն հնգյակը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի ներկայիս չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը (2853), որին հաջորդում են ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան (2823), ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2811) և ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2810):

Հայաստանցի ևս 3 շախմատիստներ տեղ են զբաղեցրել 100 ուժեղագույնների ցանկում: Վլադիմիր Հակոբյանը, ով գրեթե մրցաշարերի չի մասնակցում, պահպանել է իր 2675 վարկանիշը և նախորդ ամսվա համեմատ 2 հորիզոնականով բարձրացել է՝ զբաղեցնելով 68-րդ տեղը:

Իսկ ահա Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը հետընթաց են ապրել: Մովսիսյանը վարկանիշը նվազեցրել է 5-ով և ներկայումս 2672 վարկանիշով 66-րդ տեղից նահանջել է 74-րդ հորիզոնական: Գաբրիելն էլ 3-ով նվազեցնելով վարկանիշը, 2667 վարկանիշով 77-րդ տեղից նահանջել է 81-րդ հորիզոնական:

100 ուժեղագույնների ցանկից դուրս է մնացել Հրանտ Մելքումյանը, ով հոկտեմբերին 2653 վարկանիշով 98-րդ տեղում էր:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանն (2444) ու Լիլիթ Մկրտչյանը (2439) պահպանել են իրենց վարկանիշները, սակայն նախորդ ամսվա համեմատ յուրաքանչյուրը 2 հորիզոնականով բարձրացել է՝ զբաղեցնելով համապատասխանաբար 34-րդ և 37-րդ տեղերը:

Մինչև 20 տարեկան 100 ուժեղագույն պատանի շախմատիստների ցանկում մինչև 18 տարեկանների աշխարհի և Եվրոպայի այս տարվա չեմպիոն Մանուել Պետրոսյանը (2551) 27-րդ տեղում է: 2501 վարկանիշով 56-րդ տեղն է զբաղեցնում Տիգրան Հարությունյանը, իսկ մինչև 16 տարեկանների աշխարհի այս տարվա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը (2496) 61-րդ տեղում է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ