Լևոն Արոնյանը 2-րդն էր կայծակնային մրցաշարում

Սեպտեմբերի 26-ին Մոսկվայում կտրվի շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հոբելյանական՝ 10-րդ հուշամրցաշարի մեկնարկը, որի 10 մասնակիցների թվում է Լևոն Արոնյանը: Իսկ այսօր մեկնարկին նախորդեց կայծակնային մրցաշարը, որի արդյունքներով էլ որոշվեցին հուշամրցաշարի մասնակիցների համարները:

Լևոն Արոնյանը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու նկատմամբ տոնած հաղթանակով մեկնարկեց կայծակնային մրցաշարում, ապա ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ:

Հաջորդ երկու տուրերն անցան նույն սցենարով: Արոնյանը նախ հաղթեց ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկուն, ապա հաշտություն կնքեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Ցավոք 5-րդ տուրում Լևոնն անհաջողության մատնվեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ կայացած սկզբունքային մրցախաղում: Հաջորդ տուրում էլ Արոնյանը պարտվեց  Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրիին: Ավարտական 3 տուրերում հայ գրոսմայստերը 2,5 միավոր վաստակեց՝ հաղթանակներ տոնելով Լի Չաոյի և Բորիս Գելֆանդի նկատմամբ, ոչ-ոքի ավարտելով պարտիան Պյոտր Սվիդլերի հետ:

Այսպիսով, 9 հնարավորից վաստակած 5,5 միավորով Լևոն Արոնյանը կայծակնային մրցաշարում զբաղեցրեց 2-րդ տեղը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, ով վաստակեց 7,5 միավոր: 3-րդ տեղը գրավեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որի օգտին 5 միավոր գրանցվեց: Մրցաշարային աղյուսակը 3 միավորով եզրափակեց Վիշվանաթան Անանդը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ