Կարեն Գրիգորյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Կարեն Գրիգորյանի հաղթանակով ավարտվեց Կատալոնիայի Սաբադել քաղաքում անցկացված շախմատային փառատոնը: Ավարտական՝ 9-րդ տուրում սևերով 45-րդ քայլին պարտության մատնելով կատալոնացի գրոսմայստեր Մարկ Նարկիսոյին, հայ շախմատիստը վաստակեց 7 միավոր ու լրացուցիչ գործակիցներով գերազանցելով նույնպիսի արդյունքի հասած կուբացի Լազարո Ագուերոյին, նվաճեց գլխավոր մրցանակը:

Լազարոն 9-րդ տուրում արդեն 10-րդ քայլին հաշտություն էր կնքել կատալոնացի գրոսմայստեր Միգել Մունյոզի հետ՝ առաջինն ավարտելով մրցախաղն ու սպասելով իր գլխավոր հակառակորդների պարտիաների ավարտին:

Նրանցից առաջինն իր մրցախաղն ավարտեց Կարեն Մովսիսյանը, ով հաղթանակի դեպքում կարող էր միավորներով հավասարվել Լազարոյին: Սակայն կուբացի Կևել Օլիվայի հետ պարտիան անցավ հավասար պայքարում ու մրցակիցները 32-րդ քայլին հաշտություն կնքեցին: Մովսիսյանը 6,5 միավորով եզրափակեց առաջատար եռյակը:

Մեր երկու շախմատիստներն էլ հաջող խաղացին մրցաշարում: Կարեն Մովսիսյանն առավել հաջող խաղաց մրցաշարի առաջին հատվածում՝ 5 հնարավորից վաստակելով 4,5 միավոր: Իսկ ահա Կարեն Գրիգորյանը վերելքով հանդես եկավ մրցաշարի 2-րդ հատվածում՝ 5 մրցախաղերում կորցնելով ընդամենը կես միավոր, վերջնագծում տոնելով 3 անընդմեջ հաղթանակ: Միակ պարտությունը Գրիգորյանը կրել էր 3-րդ տուրում՝ զիջելով Մովսիսյանին: Իսկ վերջինս 7-րդ տուրում էր կրել իր միակ պարտությունը Լազարո Ագուերոյի հետ մրցավեճում: Ինչպես պարզվեց, այդ պարտությունը ճակատագրական եղավ Մովսիսյանի համար:

Մրցաշարի ավարտից հետո մասնակիցներից շատերն իրենց ուժերը կչափեն կայծակնային և արագ շախմատի մրցախաղերում: Դրանց կմասնակցի միայն Կարեն Գրիգորյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ