Կարեն Գրիգորյանը բաց թողեց հաղթանակի հնարավորությունը

Կատալոնիայի Սաբադել քաղաքում անցկացված շախմատային փառատոնի հիմնական մրցաշարի ավարտից հետո, որում գլխավոր մրցանակը նվաճել էր Կարեն Գրիգորյանը, կայացան շախմատի կայծակնային և «դիադա» մրցաշարերը: Նախնական հայտի համաձայն, Կարեն Գրիգորյանը պետք է մասնակցեր երկու մրցաշարերին էլ, սակայն հանդես եկավ միայն «դիադա» մրցաշարում, որին մասնակցեց նաև Կարեն Մովսիսյանը:

Մեկ օրվա ընթացքում 86 մասնակիցներից յուրաքանչյուրը 9 մրցախաղ անցկացրեց: Յուրաքանչյուր պարտիայի համար շախմատիստներին տրամադրվում էր 90 րոպե ժամանակ՝ 30 վայրկյան ավելացնելով կատարած ամեն քայլի դիմաց:

Կարեն Գրիգորյանը բավական բարդ ու հոգնեցուցիչ պայքարում իրեն կրկին լավագույն կողմերով դրսևորեց: Նա մրցաշարը սկսեց 3 անընդմեջ հաղթանակով, ապա երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի ու կրկին 3 անընդմեջ հաղթանակ տոնեց:

Ավարտական տուրից առաջ Գրիգորյանը 7 միավորով 2-րդ տեղում էր ու ընդամենը կես միավոր էր զիջում աղյուսակը գլխավորող կոլումբիացի Ալեքսանդր Կուարտասին: 9-րդ տուրում նրանց միջև կայացած վճռորոշ պարտիան ավարտվեց սպիտակներով խաղացող կոլումբիացու հաղթանակով, ով 8,5 միավորով արժանացավ գլխավոր մրցանակին:

Իսկ Գրիգորյանը մրցաշարում կրած միակ պարտության պատճառով 7 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով 7,5-ական միավոր վաստակած կուբացի շախմատիստներ Կևել Օլիվային և Էռնեստո Գոմեսին:

Կարեն Մովսիսյանը 6,5 միավորով գրավեց 7-րդ հորիզոնականը: Նա տոնեց 6 հաղթանակ, մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի ու կրեց երկու պարտություն՝ 6-րդ և 8-րդ տուրերում զիջելով համապատասխանաբար Ալեքսանդր Կուարտասին և Կևել Օլիվային:

Մրցաշարին մասնակցեց նաև Ռուսաստանը ներկայացնող Ռադմիլա Ալեքսանյանը, ով 4 միավորով գրավեց 61-րդ տեղը:

Նախօրեին կայացած շախմատի կայծակնային մրցաշարի հաղթող ճանաչվեց կատալոնացի գրոսմայստեր Մարկ Նարկիսոն, ով հաղթեց բոլոր 9 պարտիաներում էլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ