Կարեն Բարսեղյան. «Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպումից հետո խոսել է խաղի մասին: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր բուլղարացիների՝ նվազագույն հաշվով հաղթանակով:

«Ցավալի պարտություն կրեցինք: Եթե ամբողջ խաղը վերլուծենք, կհասկանանք, որ մենք ոչ միայն արժանի չէինք պարտության, այլև հաղթանակի էինք արժանի, բայց սա ֆուտբոլ է: Ցավոք, մենք երևի կենտրոնացվածության պակասի պատճառով գոլ բաց թողեցինք, այն դեպքում, երբ ունեինք խաղային առավելություն մանավանդ երկրորդ խաղակեսում, ունեինք գոլեր խփելու մի քանի հնարավորություններ:

Այս պարտության մեջ երևի ես եմ մեղավոր, որովհետև այն փոփոխությունները, որ ես կատարեցի՝ խաղը ուժեղացնելու համար, չարդարացրին իրենց: Մեր խաղի տեմպը և որակն ընկան: Դրա համար պարտության պատասխանատվությունը ես վերցնում եմ ինձ վրա, բայց ես վստահ եմ և համոզած, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և ընտրական մյուս փուլում մենք շատ ավելի ուժեղ թիմ կունենանք և կպայքարենք բարձր տեղերի համար»,- ՀՖՖ պաշտոնական կայքը մեջբերում է Բարսեղյանի խոսքը:

Հավելենք, որ 8-րդ տուրից հետո Հայաստանի թիմը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակն իր խմբում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ