Կարեն Աղամալյան. «Թուրքիայում անվտանգության աշխատակիցներն ամենուր ուղեկցում են մեզ»

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն արդեն Թուրքիայի Սամսուն քաղաքում է, որտեղ անցկացվելու է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ հավաքականին ուղեկցում են անվտանգության 4-5 աշխատակիցներ:

«Մրցավայրում ենք, արդեն հասցրել ենք մարզվել: Ամեն ինչ կարգին է: Ինչ վերաբերում է մեր մարզահագուստին, որի վրա գրված է «Armenian Boxing Team», մեզ ասացին, անվտանգությունից ելնելով, այդ մարզահագուստով քաղաքում չքայլենք: Մրցավայրում և մարզումների ժամանակ կարող ենք հանգիստ կրել դրանք: Բացի այդ, մեզ ուղեկցում են անվտանգության 4-5 աշխատակիցներ: Նրանք հյուրանոցի առաջին հարկում են և եթե գնում ենք դուրս, խանութ կամ պարզապես զբոսանքի, նրանք մեզ ուղեկցում են: Նախկինում չեմ հիշում, որ նման զգուշավորություն լիներ և անվտանգության աշխատակիցներն ուղեկցեն թիմին, սակայն ավելորդ զգուշավորությունն ու ապահովությունը չի խանգարի: Մարզիկները չեն նեղվում նրանց ներկայությունից, շատ հանգիստ են և ազատ»,-ասաց Աղամալյանը:

Ապրիլի 9-ին կկայանա կշռման արարողությունը և վիճակահանությունը:

Վարկանիշների համար կպայքարեն Արթուր Հովհանիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), Ռաֆայել Սիմոնյանը (91+ կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ):

ՀԱՕԿ լրատվության բաժին

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ