Իկարդին այլևս չի լինի «Ինտերի» ավագը

«Ինտերի» փոխնախագահ Խավյեր Ձանետին հայտարարել է, որ ակումբը զրկելու է Իկարդիին ավագի թևկապից:

«Մեզ համար երկրպագուներն ամենակարևորն են, և նրանց կարծիքը մեզ համար մեծ նշանակություն ունի: Ցավոք սրտի, Իկարդիին չի լինի թիմի ավագը:

Մենք չենք կարող հանդուրժել ակումբի ներկայացուցչի նման պահվածքը: «Կալյարիի» դեմ խաղից հետո որոշում կկայացնենք»,- ասել է Ձանետին:

Նշենք, որ «Ինտերի» երկրպագուները պահանջում են զրկել Իկարդիին ավագի թևկապից այն բանից հետո, երբ իմացան, թե ինչպես է արգենտինացին իր ինքնակենսագրականում նկարագրել «Սասուոլոյի» դեմ խաղը 2015 թվականին:

Իկարդին պատմել է, որ խաղից հետո մարզաշապիկը նվիրել է տրիբունայում գտնվող տղային, որից հետո երկրպագուների խմբի առաջնորդներից մեկը վերցրել է մարզաշապիկն ու ետ տվել Իկարդիին, իսկ արգենտինացին վիրավորել է նրան:

Երկրպագուները պնդում են, որ այս պատմությունը հորինել է Իկարդին: Սա և ինքնակենսագրականում ներկայացված մի շարք դեպքեր, ըստ երկրպագուների, իրականությանը չեն համապատասխանում:

«Բավական են արդարացումները: Մենք կարծում էինք՝ Իկարդին երիտասարդ, մի քիչ հիմար տղա է, բայց միաժամանակ լավ մարդ է: Նա չպիտի կրի «Ինտերի» ավագի թևկապը: Մենք նման ավագի արժանի չենք:

Իկարդին կոտրեց երկրպագուների հետ հնարավոր բոլոր կապերի տարբերակները: Դու մեզ համար մեռած ես: Մենք պահանջում ենք, որ դո՛ւ, ծաղրածո՛ւ, հանձնես ավագի թևկապը»,- գրված է «Ինտերի» երկրպագուների հայտարարությունում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ