Ի՞նչ նվեր կմատուցի Կարյակինը Կառլսենի ծննդյան օրվա առթիվ

Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի առաջնության մրցախաղի վերջին՝ 12-րդ պարտիան ամենակարճատևն էր: Մրցակիցները ռիսկի չդիմելով, արդեն 30-րդ քայլին հաշտություն կնքեցին: Այսպիսով, մրցակարգով նախատեսված դասական շախմատի 12 պարտիաները չորոշեցին աշխարհի չեմպիոնին: Գրանցվեց 6:6 հաշիվ:

Այժմ ամեն ինչ պետք է վճռվի նոյեմբերի 30-ին կայանալիք լրացուցիչ մրցաշարում: Ի դեպ այդ օրն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը կնշի իր ծննդյան 26-ամյակը: Ինչ խոսք, տիտղոսի պահպանումը կլինի ամենալավ նվերը նորվեգացի գրոսմայստերի համար: Սակայն Կարյակինը բնավ էլ մտադիր չէ նման նվեր մատուցել մրցակցին: Մրցախաղի ընթացքում ռուսաստանցի գրոսմայստերն ապացուցեց, որ հակառակ կանխատեսումներին, արժանի մրցակից է Կառլսենին:

Մրցակարգի համաձայն, Կառլսենն ու Կարյակինը նախ ուժերը կչափեն արագ շախմատի 4 պարտիաներում: Հավասար արդյունքի դեպքում կանցկացվի 2 պարտիայից բաղկացած կայծակնային շախմատի մրցախաղ: Անհրաժեշտության դեպքում մրցակիցներն առավելագույնը կանցկացնեն 2 պարտիայից բաղկացած կայծակնային շախմատի ևս 4 մրցախաղ: Եթե կրկին կողմերից ոչ մեկին չհաջողվի առավելության հասնել, ապա աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկվի վճռորոշ՝ 11-րդ պարտիայում, որում սպիտակներին կհատկացվի 5 րոպե, սևերին՝ 4 րոպե: Ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթող կճանաչվի սև խաղաքարերով խաղացողը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ