Ի՞նչ գումարով կվաճառվի աշխարհի առաջնության Սպասկի-Ֆիշեր մրցախաղի խաղատախտակն աճուրդում

Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի առաջնության Կառլսեն-Կարյակին մրցախաղին է նվիրված նոյեմբերի 17-19-ը Տեխասի նահանգի Դալաս քաղաքում անցկացվելիք աճուրդը: Այն կազմակերպել է Heritage Auctions կազմակերպությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Աճուրդի կհանվի շախմատի այն խաղատախտակը, որի վրա 1972թ. Ռեյկյավիկում աշխարհի առաջնության մրցախաղ են անցկացրել աշխարհի գործող չեմպիոն, խորհրդային գրոսմայստեր Բորիս Սպասկին և շախմատային թագի հավակնորդ, ամերիկացի Ռոբերտ Ֆիշերը: Այդ խաղատախտակի վրա նրանք անցկացրել են կայացած 21 պարտիաներից 7-ը: Լոտի նախնական գինը 300 հազար դոլար է: Այն աճուրդի է հանել նյույորքցի կոլեկցիոները, որի անունը չի հրապարակվել:

Շախմատի խաղատախտակն ամրացված է սեղանի մակերեսին, որը պատրաստել են իսլանդացի վարպետները մրցախաղի ավարտից հետո: Փորձագետների պնդմամբ հենց նույնպիսի սեղանի շուրջ են խաղացել Սպասկին ու Ֆիշերը, որոնց ստորագրությունը կա խաղատախտակի վրա: Լոտն իր մեջ ընդգրկում է նաև շախմատի խաղաքարերի մեկ կոմպլեկտ, որոնք չեն օգտագործվել մրցախաղի ժամանակ, շախմատային ժամացույց և երկու աթոռ:

Հիշեցնենք, որ մրցամարտի մեկնարկը շատ խոստումնալից էր Բորիս Սպասկու համար: Առաջին պարտիան ավարտվեց նրա հաղթանակով, իսկ հաջորդ պարտիային Ֆիշերը չներկայացավ ու նրան պարտություն գրանցվեց: Սակայն հաջորդ 6 պարտիաներից 4-ում ամերիկացի գրոսմայստերը հաղթեց ու մրցախաղը հասցրեց հաղթական ավարտի՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հատկանշական է, որ շախմատային թագը նվաճելուց հետո տարօրինակություններով աչքի ընկնող Ֆիշերն այդպես էլ պաշտոնական ոչ մի մրցման չմասնակցեց, իսկ 1975թ. հրաժարվեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանել Անատոլի Կարպովի հետ նախատեսված մրցախաղում: Վերջինս առանց պայքարի հռչակվեց աշխարհի նոր չեմպիոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ