Ի՞նչ է լինելու Միհրան Հարությունյանի մրցավարությանը նվիրված ստորագրահավաքի հետ

Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի տղամարդկանց մինչև 66 կգ քաշայինների եզրափակչում Միհրան Հարությունյանին մրցավարական կողմնակալ որոշման արդյունքում ոսկե մեդալին զրկելուց հետո change.org կայքում բացվել էր ստորագրահավաք, որին օգոստոսի 25-ին, 16:00-ի դրությամբ մասնակցել է 36850 մարդ: Ստորագրահավաքը կոչված էր ցույց տալու, որ հայ մարզիկի հանդեպ անարդար որոշում է կայացվել, և կոչ էր անում հետաքննել դեպքն ու վերականգնել արդարությունը: Ստորագրահավաքը բացել էր Էդգար Խաչատրյանը, ում հետ էլ զրուցեցինք արդյունքների և հետագա քայլերի մասին:

«Կապ չունի, որ ես եմ բացել ստորագրահավաքը, սրա արդյունքները բոլորինս են լինելու: Յուրաքանչյուր մարդ այդ արդյունքները կարող է օգտագործել ի օգուտ սպորտի: Նման անարդար քայլերը մարդկանց վանում են սպորտից: Իսկ ըմբշամարտը մեծ լսարան ունեցող սպորտ է, որը կանգնած է Օլիմպիական ընտանիքից դուրս մնալու վտանգի առաջ: Նմանօրինակ արարքները կարող են ի վերջո հանգեցնել անցանկալի հետևանքների»,-սկսեց մեր զրուցակիցը:

Էդգար Խաչատրյանն ակնկալում էր ավելի մեծ մասնակցություն, քանի որ աշխարհում մի քանի միլիոն հայեր կան, ու գոնե 100000 մասնակից ունենալը իրական է: Այս ստորագրահավաքը հասարակական ճնշման ձև է, որին, սակայն, անհրաժեշտ են շատ մեծ թվով համակիրներ: Ընդ որում, սա միայն հայերի խնդիրը չէ, այլ ողջ մարզասեր մարդկությանը, որովհետև նման անարդարությունից կարող է տուժել ցանկացած երկրի ներկայացուցիչ: Ստորագրահավաքի արդյունքները Change.org կայքի կողմից ուղարկվելու են պատասխանատու մարմիններին՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և Միջազգային Օլիմպիական կոմիտեին, ուստի անհրաժեշտ է մոտակա ժամանակահատվածում ավելի տպավորիչ մասնակցություն ապահովել:

«Միհրանը իրական չեմպիոն է: Մենք շնորհակալ ենք Միհրանից ազգին ոսկի բերելու համար: Ի վերջո, մենք նրա կողքին ենք, ինքը՝ մեր, և հորդորում ենք, որ չդադարեցնի իր գործունեությունը սպորտում: Նրա մեծ փորձը պետք է նաև հետագա սերունդներին»,-եզրափակեց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ստորագրահավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել այս հղումով: Ցանկալի է տարածել հղումը նաև Ձեր ընկերների շրջանում, ցանկալի է նաև ներգրավել արտերկրում բնակվող մարդկանց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ