Հրանտ Մելքումյանը զբաղեցրեց 8-րդ տեղը

Գերմանական Բադ Վիսզե քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի մրցաշարը, որի 474 մասնակիցների թվում էր Հրանտ Մելքումյանը: 9-րդ տուրում նա հաղթեց Ռովեն Վոգելին և 7 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ որպես պարգև ստանալով  600 եվրո:

Ավարտական տուրում ուշադրության կենտրոնում երկու առաջատարների՝ ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի և Գերմանիան ներկայացնող ռումինացի գրոսմայստեր Դիտեր-Լիվիու Նիսիպեանուի մրցախաղն էր, որում մրցակիցները հաշտություն կնքեցին՝ վաստակելով 7,5-ական միավոր: Դա հնարավորություն տվեց 5 շախմատիստների միավորներով հավասարվելու առաջատարներին:

1-7-րդ տեղերն ու համապատասխան դրամական պարգևները բաշխելու համար հարկ եղավ դիմելու լրացուցիչ գործակիցների օգնությանը: Այդ ցուցանիշով լավագույնն Արեշչենկոն էր, ով ճանաչվեց մրցաշարի հաղթող՝ պարգևատրվելով 2500 եվրոյով:

2-րդ տեղը գրավեց Նիսիպեանուն՝ ստանալով 2000 եվրո: Լավագույն եռյակը եզրափակեց հնդիկ գրոսմայստեր Գիտա Նարայանան Գոպալը: Նա որպես պարգև ստացավ 1500 եվրո: Ընդհանուր առմամբ դրամական մրցանակների արժանացան լավագույն արդյունքի հասած 20 մասնակիցները, ինչպես նաև ցածր վարկանիշ ունեցող շախմատիստներից բոլորից հաջող հանդես եկածները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ