Հրաչյա Ռոստոմյան. «Ադրբեջանը չի կարողանում վերահսկել դոպինգի դեմ պայքարն իրենց երկրում»

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը մեծ պատիվ է համարում արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության համաժողովի անցկացումը Հայաստանում:

«Նմանատիպ միջոցառումներն անցկացվում են այնպիսի երկրներում, որտեղ վստահություն կա: Վերջին տարիներին ՀԱՕԿ-ը հսկայածավալ աշխատանք է կատարում հակադոպինգային կազմակերպության հետ համատեղ: Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում, Ծաղկաձորում հյուրընկալելու արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության համաժողովը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ինքն է իր օրինակով ցույց տալիս, որ հնարավոր է արդար կերպով իրենց ուզածին հասնել»,- Ռոստոմյանի խոսքն է փոխանցում ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Խոսելով Ադրբեջանի՝ արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպությունից դուրս մնալու մասին, ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը շեշտել է. «Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպությունից դուրս մնալը ապացուցում է, թե ադրբեջանական սպորտը ինչ կարգավիճակում է: Հուրախություն մեզ և ի տխրություն նրանց՝ այդ ամենը չեն արել հայերը: Ադրբեջանի դուրս մնալը երկար գործընթաց էր և կապ չունի այն հանգամանքի հետ, որ համաժողովն անցկացվում է Հայաստանում: Ադրբեջանի հակադոպինգային կազմակերպությունը չի կարողանում վերահսկել դոպինգի դեմ պայքարը իրենց երկրում»:

Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության երկօրյա համաժողովին մասնակցում են Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Հայաստանի, Մոնտենեգրոյի, Ալբանիայի հակադոպինգային կազմակերպության ներկայացուցիչները: Համաժողովի հիմնական նպատակն արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության անդամ պետությունների համագործակցության բարելավումն է: Համաժողովը ղեկավարում է Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ