Հովհաննես Համբարձումյանը՝ «Լեսթերի», «Էվերթոնի» ու «Վեսթ Բրոմվիչի» ուշադրության կենտրոնում

Հայաստանի ազգային հավաքականի ու մակեդոնական «Վարդարի» եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական մի քանի ակումբներ՝ գրում է բրիտանական The Sun-ը:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանի տրանսֆերը ցանկանում են ձեռք բերել «Լեսթերը», «Էվերթոնն» ու «Վեսթ Բրոմվիչը»: Վերջինը պատրաստ է 600 հազար ֆունտ հատկացնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Ինքը՝ Համբարձումյանը հայտարարել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:

«Իմ հաջորդ քայլն Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելն է»,- աղբյուրը մեջբերում է 25-ամյա Համբարձումյանի խոսքը:

16

«Ես գիտեմ, որ ֆիզիկական առումով Անգլիան ավելի զարգացած է, բայց ես պատրաստ եմ ընդունել նոր մարտահրավեր: Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում ու ազգային հավաքականի կազմում հանդիպումներ անցկացնելով՝ ես համոզվեցի, որ կարող եմ խաղալ ավելի ուժեղ թիմերում»,- ասել է Համբարձումյանը:

The Sun-ը շեշտում է, որ Հովհաննես Համբարձումյանն Էլ Սալվադորի դեմ ընկերական խաղում Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել: Համբարձումյանին համարում են «նոր Բրանիսլավ Իվանովիչ»՝ նշելով, որ նա կարող է հանդես գալ նաև կիսապաշտպանությունում:

«Մխիթարյանի հաջողությունները Դորտմունդի «Բորուսիայում» ցույց տվեցին, որ հայ ֆուտբոլիստները բարձրակարգ են, արագ ու տեխնիկապես զարգացած: Նրա հաջողությունները դռներ բացեցին նաև ազգային ընտրանու այլ ֆուտբոլիստների համար: Մխիթարյանն այս պահին աշխարհի լավագույններից մեկն է»,- եզրափակել է Համբարձումյանը:

Աղբյուրը նշում է նաև, որ Համբարձումյանի ծառայություններով հետաքրքրված են նաև բելգիական «Բրյուգեն», «Անդերլեխտն» ու ռուսական մի քանի թիմեր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ