Հոկեյի «Արարատ» ակումբը կմասնակցի Բելառուսի առաջնությանը

Բելառուսի հոկեյի ասոցիացիան հաստատել է տափօղակով հոկեյի երկրի 2016/17 առաջնության խաղացանկը: Սեպտեմբերի 10-ին մեկնարկելիք առաջնությանը կմասնակցեն 12 թիմեր, այդ թվում՝ «Արարատ» անունը կրող ակումբը, որն ըստ hockey.by-ի՝ ներկայացնում է Երևան քաղաքը:

«Արարատը» նոր ակումբ է Բելառուսի հոկեյի լիգայում, նախորդ տարի հանդես է եկել պատանեկան լիգայում և 11 թիմերի շարքում գրավել 6-րդ տեղը: Ակումբի մասին խոսել է Բելառուսի հոկեյի ֆեդերացիայի սպորտային տնօրեն Ալեքսանդր Խրոմիլյովը.

«Պարզ է, որ մանկապատանեկան հոկեյից մեծահասակների մակարդակ բարձրանալը շատ դժվար է: Սակայն, տեսնելով այն ցանկությունն ու էնտուզիազմը, որով «Արարատը» ցանկանում է դառնալ առաջնության մասնակից, մենք հասկանում ենք, որ տղաների մոտ ամեն ինչ պետք է ստացվի: Իհարկե, շատ ուրախ ենք, որ մեր երկրի հոկեյի քարտեզի վրա հայտնվում է երկար սպասված Օրշա քաղաքը, հենց այնտեղ է «Արարատը» անցկացնելու իր հանդիպումները, իսկ ակումբի բազան կլինի Վիտեբսկ քաղաքը: Այժմ նորաթուխ թիմը մի շարք ստուգողական հանդիպումներ է անցկացնում: «Արարատ» թիմին ու մյուս բոլոր մասնակիցներին ցանկանում  եմ հաջողություն, անզիջում պայքար և մեծ հաղթանակներ Բարձրագույն լիգայում»:

«Արարատը» իր առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 11-12-ին «Բրեստ-2» թիմի դեմ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ