Հերթական ոչ-ոքին ավարտական պարտիայից առաջ

Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի առաջնության մրցախաղի 11-րդ պարտիան, որում սպիտակներով խաղում էր Սերգեյ Կարյակինը, 3  ժամ 20 րոպե տևած պայքարից հետո 34-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Վերջին պարտիայից առաջ հաշիվը հավասար է՝ 5,5:5,5:

Կառլսենն անցողիկ զինվոր ուներ, որը հասել էր արդեն 2-րդ հորիզոնական, սակայն Կարյակինը հավերժական շախի հնարավորություն ուներ: Ուստի մրցակիցները որոշեցին ավելորդ ժամանակ չծախսել և հաշտություն կնքեցին:

Մամուլի ասուլիսում երկու շախմատիստներն էլ իրենց գոհունակությունն են հայտնել գրանցված արդյունքից: Կառլսենը նշել է, որ խաղում է շատ լավ պատրաստված մրցակցի հետ, որը քիչ սխալներ է թույլ տալիս: Ըստ նրա, վերջին պարտիայում սպիտակ խաղաքարերով խաղալը որոշակի առավելություն կտա իրեն:

Կարյակինը համաձայնվելով մրցակցի հետ, որ մրցախաղի լարվածությունը շատ մեծ է, նշել է, որ դրա հետևանքով ստիպված է որոշ դեպքերում զգույշ խաղալ, քանի որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել:

Երկուշաբթի կայանալիք ավարտական՝ 12-րդ պարտիայից առաջ մրցակիցներն այսօր կհանգստանան: Եթե այդ պարտիան էլ ավարտվի ոչ-ոքի, ապա աշխարհի չեմպիոնի հարցը կվճռվի նոյեմբերի 30-ին կայանալիք լրացուցիչ մրցախաղում: Սկզբում կանցկացվի արագ շախմատի մրցաշար, իսկ հարկ եղած դեպքում Կարյակինն  ու Կառլսենն իրենց ուժերը կչափեն կայծակնային մրցախաղում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ