Հենրիխ Մխիթարյան. «Մենք չենք կարող ստիպել մարզչին՝ ում հրավիրի, ում՝ ոչ»

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Հայաստան – Բելառուս խաղից հետո կիսվել է տպավորություններով։

— Ի՞նչ կասես խաղի մասին։
— Կարծում եմ, որ լավ խաղացինք, ճիշտ է՝ գոլ չկարողացանք խփել, բայց համեմատած նախորդ խաղի հետ ավելի լավ էինք գործում, ավելի շատ պահեր ստեղծեցինք, կարծում եմ, որ վատ չէր առաջին հանդիպման համար։

— Դրվագներից մեկում հարված ստացար ոտքիդ։ Ամեն ինչ կարգի՞ն է։
— Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, շնորհակալություն։

— Ի՞նչ կասես նորեկների խաղի մասին։ Ստացվե՞ց նրանց հետ համագործակցությունը։
— Կարծում եմ՝ Գոռ Մալաքյանն ու Դավիթ Մանոյանը, ով երկար բացակայությունից հետո նորից խաղում էր, շատ լավ հանդես եկան դաշտի կենտրոնում, իսկ մնացած ֆուտբոլիստները, ովքեր կարողացան փոխարինման դուրս գալ, նույնպես լավ գործեցին, ու կարծում եմ, որ դեռ ժամանակ է պետք նրանց մերվելու ու թիմին օգնելու համար։ Հույս ունենանք, որ հավաքականն էլ ավելի ուժեղ կդառնա։

— Երիտասարդ դարպասապահի ներկայությունը հոգեբանորեն ազդել էր թիմի վրա։
— Եթե նա հանդես է գալիս ազգային հավաքականում, ուրեմն պատրաստ է դրան, ինչու՞ պետք է հոգեբանորեն ազդեր։ Ճիշտ է, հնարավոր է նրա մոտ որոշակի լարվածություն կար, քանի որ առաջին անգամ էր խաղում ազգային թիմում, բայց կարծում եմ, որ լավ հանդես եկավ, կարողացավ մի քանի դրվագում փրկել, ու հույս ունենանք, որ մյուս խաղերում էլ ավելի լավ կգործի։

— Մարզչի առաջադրանքից ի՞նչը հնարավոր եղավ անել, ի՞նչը՝ ոչ։
— Խաղից հետո մարզիչը գոհունակություն հայտնեց, ասաց, որ կատարեցինք գրեթե այն ամենն, ինչ նա մեզ հանձնարարել էր, իսկ մենք փորձում էինք անել այն ամենն, ինչ մեզանից էր պահանջվում, կարծում եմ, որ միայն գոլն էր պակասում։

Ռոման Բերեզովսկու փոխարինման պահը շատ խորհրդանշական ստացվեց. ի՞նչ զգացումներ ունեիր այդ պահին։
— Ճիշտն ասած, հաճելի զգացողություններ էր, որովհետև ճանապարհ էինք դնում մի ֆուտբոլիստի, ով 19 տարի ազգային հավաքականի համար ոչ մի բան չի խնայել, միշտ խաղացել է բարձր մակարդակով ու կարողացել է հոգի ու սիրտ դնել խաղադաշտում, որպեսզի ուրախացնի մեր ազգին։ Կարծում եմ, որ շատ լավ զգացողություններ ունեի։

— Հավաքականում հիմա ի՞նչ հոգեբանական վիճակ է՝ կապված ՀՖՖ նախագահի վերջին հայտարարությունների հետ։ Չէ՞ որ չհրավիրվածները, վերջիվերջո, ձեր նախկին խաղընկերներն էին։
— Մեր գործը ֆուտբոլ խաղալն է, մենք մտնում ենք դաշտ դա անելու համար։ Մեր պարտականությունների մեջ չի մտնում մարզչի որոշումները քննարկելը։ Եթե մարզիչը որոշել է չհրավիրել որևէ ֆուտբոլիստի, մենք չենք կարող ստիպել նրան ու հակառակը համոզել։ Մեզանից ինչ կախված է, մենք անում ենք խաղադաշտում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ