Հենրիխ Մխիթարյան. «Կփորձեմ անել հնարավորը թիմին օգնելու համար»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բելառուսի հետ ընկերական խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

– Հավաքականում շատ են նորեկները, ինչպես նաև փոխվել է գլխավոր մարզիչը, ում գլխավորությամբ առաջին մարզումն էր։ Խնդրում ենք կիսվել տպավորություններով։
– Այո, շատ են նորեկները, բայց կփորձենք նրանց օգնել, որ շուտ մերվեն թիմին ու կարողանան մեզ օգուտ տալ։ Իսկ առաջին մարզման մասին կասեմ, որ շատ լավ մարզում էր, ու հույս ունեմ, որ լավ կպատրաստվենք Բելառուսի հետ խաղին։

– Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո դարձել եք թիմի ավագը։ Որպես թիմի ավագ ի՞նչ է պետք անել, որպեսզի թիմը նորից սկսի ցուցադրել այն համախմբված ու ոգևորված խաղը, ինչ տեսնում էինք մի քանի տարի առաջ։
– Կարծում եմ՝ ավագի թևկապն այստեղ այնքան էլ մեծ նշանակություն չունի, կարևորը մարդկային որակներն են, որ պետք է ցույց տալ, դժվար պահերին թիմին քո հետևից տանել, ու ոչ մի նշանակություն չունի՝ կլինե՞մ թիմի ավագ, թե՞ ոչ, միշտ պատրաստ եմ թիմին իմ հետևից տանել ու օգնել խաղընկերներիս։

– Նոր մարզիչը արդեն ասե՞լ է, թե ինչ փոփոխություններ են լինելու հավաքականում, ինչպիսի տակտիկա է ընտրելու թիմը։
– Չեմ կարող ասել, քանի որ այդպիսի հարցերը մարզիչը ֆուտբոլիստների հետ չի քննարկում, նա քննարկում է այդ ամենը մարզչական շտաբի մյուս անդամների հետ, իսկ մենք ֆուտբոլիստներ ենք, ովքեր պետք է իրագործեն նրա ցանկությունները՝ ոչ միայն տակտիկական, այլ նաև խաղային, չէ՞ որ տակտիկան այնքան էլ կարևոր չէ, քանի որ խաղում են ֆուտբոլիստները։ Մարզումներին անում ենք այն, ինչ մեզանից պահանջվում է, իսկ խաղերի ժամանակ արդեն պարզ կդառնա՝ ինչքանով ենք պատրաստ։

– Խոսակցություններ կան, որ Ձեզ ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսը»։ Ի՞նչ կասեք այդ մասին։
– Ճիշտն ասած դրանք միայն խոսակցություններ են, ոչ մի կոնկրետ բան չկա, բայց կցանկանամ, որ ավելի շատ հավաքականից հարցեր տաք, քանի որ այստեղ ենք հավաքականի համար։

– Ելնելով մի քանի ամիս առաջ տարածված հայտարարությունից, որտեղ նաև նշվում էր Ձեր անունը (խոսքը 9 ֆուտբոլիստների նամակի մասին է – խմբ.)՝ ինչ գիտեք ՖԱՖ-ՀՖՖ «հակամարտության» մասին։ Նաև Բերեզովսկու հրաժեշտի խաղն է, ու պաստառ չի լինելու մարզադաշտում։ Կասե՞ք Ձեր կարծիքն այդ կապակցությամբ։
– ՖԱՖ-ի ու ֆեդերացիայի հակամարտության մասին ոչ մի գաղափար չունեմ, նման հարցերում չեմ խառնվում, իսկ ինչ վերաբերում է հայտարարությանը, չգիտեմ, թե որ լրագրողն է տարածել այն, բայց դա արդեն անցած էտապ է, ու դրանով այլևս չենք հետաքրքրվում։

– Խոսքը ֆուտբոլիստների կողմից արված հայտարարության մասին է։
– Իհարկե, հասկացա, ու պատասխանս արդեն հնչել է, իսկ ինչ վերաբերում է Ռոման Բերեզովսկու հրաժեշտին, ապա հնարավոր ամեն բան կանենք, որ նրան բարձր տրամադրությամբ հրաժեշտ տանք։

– Ռոբերտ Արզումանյանը որոշեց ավարտել կարիերան հավաքականում։ Ի՞նչ կփոխվի հավաքականում այդ որոշումից հետո։
– Ես կարող եմ միայն հարգել Ռոբերտի որոշումը։ Դեռ չեմ զրուցել նրա հետ ու չգիտեմ որոշման պատճառները, բայց եթե նա այդպես է որոշել, ոչ մի խնդիր չեմ տեսնում դրանում, միայն կարող եմ շնորհակալություն հայտնել նրան այսքան տարիների աշխատանքի համար։ Ճիշտ է ցավալի է, բայց պետք է հետ չնայել ու մտածել, որ հավաքականում կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոխարինել նրան։

– Բավականին շատ են նորեկները, ինչպե՞ս կստացվի կազմակերպել խաղացվածությունը, ու ինչքանո՞վ թիմի խաղի վրա կանդրադառնա Գևորգ Ղազարյանի ու Յուրա Մովսիսյանի բացակայությունը։
– Ինչպես ասեցի, նորեկներին կփորձենք օգնել ինչքան հնարավոր է, ցանկանում ենք նրանց օգնել թիմին շուտ մերվելու հարցում, որ կարողանան անել այն ամենը, ինչ մարզիչը պահանջում է նրանից։ Ճիշտ է, Յուրա Մովսիսյանի ու Գևորգ Ղազարյանի բացակայությունը զգացնել կտա, բայց կան ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստ կլինեն խաղալ այդ դիրքում։ Եթե մարզիչը որոշել է նրանց չհրավիրել, չեմ կարող ասել թե ինչն է պատճառը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ